
Ադրբեջանով Հայաստան ներմուծված ցորենն անվտանգ է․ ՍԱՏՄ
Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ցորենն անցել է անվտանգության փորձաքննությունները և չի պարունակում վտանգավոր, թունավոր կամ ռադիոակտիվ նյութեր․ այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսին, ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ներմուծվածը պարենային ցորեն է, որ կարելի է ազատ օգտագործել կենցաղում և խոհանոցում։
Պետրոսյանը նշել է, որ նույն որակի ցորեն Հայաստան է ներմուծվում նաև Վրաստանի տարածքով՝ օրական շուրջ 100 բեռնատար։ «Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է այսչափ մեծ աղմուկ բարձրացել հենց այս խմբաքանակի շուրջ»,- զարմացել է նա։
Նշենք, որ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան էր հասել նոյեմբերի 6-ին՝ տեղափոխելով մոտ 1000 տոննա բեռ։


