26 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառը եկեղեցականներին հորդորել է աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը

Վեհափառը եկեղեցականներին հորդորել է աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերել է հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի իրենց հովվական ծառայության և Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։

Նորին Սրբությունը հորդորել է եկեղեցականներին իրենց գովարժան ու անսակարկ ծառայությամբ, ըստ ամենայնի, աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը՝ հետամուտ լինելով նաև հոգևոր, ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է հոգևորականների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքի հիմնախնդիրներին։