
Գաղթ, սով ու կորուստ․ ամեն բան հաղթահարելի է, եթե միասնական ենք
Երկու տարի առաջ դատարկաձեռն, հոգնած, սպառված, սոված, Արցախից Գորիս գալու ճանապարհին մահ ու ծնունդ տեսած արցախցիներին Հակարի կամուրջն անցնելուց հետո սպասվում էին սոցիալական ծանր խնդիրները:
Պատերազմի, պայթյունի և տեղահանության հոգեբանական հարվածից ստացած վերքերը չսպիացած՝ նորածին, ծեր ու երիտասարդ օրվա հացի ու գլխին տանիք ունենալու խնդիր ունեին, բայց միայնակ չէին։
Հայրենիքում հազարավոր մարդիկ պատրաստ էին ընդունել ու հյուրընկալել մեծ արհավիրքից մազապուրծ եղած արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Նրանց հոգեբանական ու ֆիզիկական աջակցություն տրամադրելու գործում առաջամարտիկներից է հադրութեցի Սայիդա Պողոսյանն, ում ընտանիքը ևս հաղթահարել է բլոկադան, պատերազմն ու տեղահանությունը։