11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միայն մորն են թողնում տեսակցել Մկրտիչ սրբազանին․ փաստաբան

Միայն մորն են թողնում տեսակցել Մկրտիչ սրբազանին․ փաստաբան

Դատարանը, ինչպես սպասվում էր, բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Մկրտիչ սրբազանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ սահմանափակվել են նաև տեսակցությունները՝ թույլ տալով շփվել միայն մերձավոր ազգականի՝ մոր հետ․ հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը մերժել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ տնային կալանքն ու գրավը՝ համարելով, որ դրանք բավարար չեն։

«Վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացնելու, քանի որ այս գործում ակնհայտ է ապօրինի դատաքննության բնույթը։ Դատավարության ամբողջ ընթացքում մենք դրա մասին խոսել ենք։ Կա երկու կարևոր հանգամանք․ նրան մեղադրում են, թե իբր հարկադրել է մասնակցել ընտրությանը և ընտրել կոնկրետ թեկնածուի։ Մեղադրանքի հիմքում գտնվող հոդվածներից մեկը վերաբերում է արարքի, որը 2021 թվականին հանցագործություն չի եղել։ Սակայն այդ արարքը հանցագործություն է համարվել միայն 2022 թվականի օրենսգրքի փոփոխությունից հետո։  Իսկ օրենքը պարզ է․ եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չէ, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել։ Հետևաբար՝ սա չէր կարող ընդհանրապես որպես մեղադրանք ներկայացվել։

Բայց, ինչպես տեսնում ենք, իրենք «խուլ են, համր են, չեն տեսնում, չեն լսում»»,- ասել է փաստաբանը։

Սարգսյանի խոսքով՝ մյուս հոդվածով էլ մեղադրողները պնդում են, թե նա կոնկրետ մեթոդների կիրառմամբ և իր ծառայողական լիազորությունները գործադրելով՝ հարկադրել է մարդկանց մասնակցել հավաքի։

«Ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայողական լիազորությունները չկարողացան ցույց տալ։ Այսինքն՝ ընդամենը խոսքեր են, որ հանցագործություն է կատարել, բայց թե այդ հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկա, հետևաբար՝ առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու ենք»,- նշել է Սարգսյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է մեկնաբանում Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարները, որտեղ երևում են գումար և ոսկյա ձուլակտորներ, փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է․

«Գնացել են, թեմում խուզարկություն են իրականացրել, և բնական է, որ գումար են հայտնաբերել։ Ի՞նչն է այստեղ անսովորը։ Թեմի առաջնորդարանում, որտեղ կան բազմաթիվ ծախսեր և պարտավորություններ, բնականաբար պետք է լինի նաև գումար։ Դա ոչ միայն բնական, այլև անհրաժեշտ է թեմի բնականոն գործունեության համար»,- նշել է Սարգսյանը։

Ռազմագերիներ