
Արցախում հայեր են մնացել, նրանցից մեկն անհետացել է․ նոր մանրամասներ
Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Միշա Գրիգորյանը, ում հաճախ կարելի էր տեսնել դատարանի դահլիճներում՝ հայրենակիցների դեմ ցուցմունքներ տալիս, Արցախից Հայաստան չի տեղափոխվել․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեց արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը։
Նրա տեղեկություններով՝ Միշա Գրիգորյանը հրաժարվել է գալ Հայաստան՝ պատճառաբանելով, թե այստեղ իրեն հայերը կսպանեն։ «Ասել է ՝ չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են։ Վախի մեջ էր․․․ադրբեջանցիներն էլ ասել էին՝ եթե մնաս, մենք ենք քեզ այստեղ սպանելու, ասել է՝ «լավ է՝ դուք ինձ սպանեք», ադրբեջանցիներն էլ ջղայնացել են, գցել մեքենան ու հետ տարել»,- պատմեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին պահին անհասկանալի հանգամանքներում անհետացել է Լարիսա Ստեփանյանը։ Անհետացած կինը 73 տարեկան է։ Նա 2020 թվականի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր և մնացել Ստեփանակերտում։
«Ականատեսները պատմում են, որ այդ կինը վերջին պահին պարզապես անհետացել է։ Ադրբեջանցիները մի քանի րոպե ակտիվ փնտրել են, հետո դադարեցին փնտրտուքը։ Մնացած մարդկանց ավտոմեքենա է նստեցրել ու տարել, բայց այդ կնոջն այլևս ոչ ոք չի տեսել», – նշեց նա։ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ վերջին ամիսներն Արցախում մնացած մեր հայրենակիցների համար դժոխային են եղել․ նրանց պահել են Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում, որտեղ ադրբեջանական կողմը հավաքել էր շուրջ մեկ տասնյակ հայերի։ «Արցախից վերջին հայերին վտարեցին, ոչ թե նրանք ինքնակամ եկան Հայաստան։ Վերջին ամիսներին ամբողջությամբ փակված էին՝ գրեթե գերու կարգավիճակով։ Միայն սնունդ էին տալիս»,- ընդգծեց Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտում մնացած հայերի տեղափոխության մասին օրերս հայտնել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, սակայն վերադարձածների անունները չէին հրապարակվել։ Հայտնի է միայն, որ խմբի հետ եկել է 10 հայ և մեկ ՀՀ քաղաքացիություն ունեցող ռուս։


