29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տումիի սովորություններով՝ Էջմիածնում․ամուսիններն անցյալից կտորներ հավաքելով են ապրում (լուսանկարներ)

Տումիի սովորություններով՝ Էջմիածնում․ամուսիններն անցյալից կտորներ հավաքելով են ապրում (լուսանկարներ)

Հադրութի շրջանի Տումի գյուղում են ծնվել նրանք՝ 73-ամյա Կարո և 67-ամյա Ռոմելա Սահակյանները։ Կինը ակումբավար էր, ամուսինը՝ պատշար։ «Երբ գյուղում միջոցառում էր լինում, տատիկս տոն էր դարձնում։ Կինը գյուղն աշխույժ էր պահում, ամուսինը՝ «պինդ»,-պատմում է նրանց թոռը՝ Լուսինե Օհանյանը։

Տումիի սովորություններով՝ Էջմիածնում․ամուսիններն անցյալից կտորներ հավաքելով են ապրում (լուսանկարներ)

Կարոյի ձեռքն անպակաս էր Տումիում կառուցվող տներից։ Լուսինեն պատմում է, որ  ինչ-որ տեղ գնալիս նա մեկ-մեկ ցույց էր տալիս իր կառուցած տները, հուշարձաններն, դպրոցներն ու կամուրջները։

«Պապիս հայտնի պատշար էր։ Միայն մեր գյուղում չէր կառուցում, այլ ամբողջ շրջանում։ Եթե մի կարևոր հուշարձան կամ շինություն պետք է կառուցվեր, նրա կարծիքն ու ձեռքը այնտեղ պետք է լիներ։ Միշտ տուն է կառուցել, բայց այսօր անտուն է մնացել»,- ասում է Լուսինեն։

Տումիի սովորություններով՝ Էջմիածնում․ամուսիններն անցյալից կտորներ հավաքելով են ապրում (լուսանկարներ)

2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին արկերից պաշտպանվելու համար Հայաստան եկան ու այլևս հետ չդարձան։ Ֆիզիկապես չգնացին, բայց իրենց տունը՝ ծառերի շվաքում, բերքատու այգին, հարևանների ձայները իրենց հետ էին։ Չէին հարմարվում այստեղ, բայց առանց Հադրութի՝ Արցախին էլ չէին հարմարվում։

«Մինչև 2023 թվականի պատերազմն սկսելը տատիս ու պապիս տեղափոխվել էին սեփական տուն, որն այգի ուներ։ Ամբողջ կյանքում սեփական տան ապրելու սովորությունը չէին կարողանում համատեղել բնակարանում ապրելու պարտադրանքին։ Տեղափոխվել էին ու փորձում էին անցյալից կտորներ կառուցել այնտեղ։ Մինչ կհարմարվեին նոր առօրյային, սեպտեմբերին պատերազմ սկսվեց, զոհվեց եղբայրս՝ Յուկան։ Դա անասելի խորացրեց ունեցած վիշտը»,- վերհիշում է Լուսինեն։

Տումիի սովորություններով՝ Էջմիածնում․ամուսիններն անցյալից կտորներ հավաքելով են ապրում (լուսանկարներ)

Գյուղի մարդիկ ցավը հողի հետ են հաղթահարում։  Տան փոքրիկ բակը, որ կիսաքանդ ասֆալտ էր, սկսեցին փորել՝ հող գտնելու ակնկալիքով։

«Մի գեղեցիկ օր պապիս տուն է վերադառնում տարատեսակ կանաչիների սերմերով։ Բահն առաջին հպումից հողին չհասավ։ Իրար հաջորդող հարվածները միայն բացեցին ասֆալտն ու թույլ տվեցին, որ գետինը սևին տա։ Այսպես ասֆալտապատ բակը վերածվեց փխրուն հողագորգի, որտեղ շուտով երևացին առաջին սերմերը»,- պատմում է նա։

Կարոն ու Ռոմելան միայն հողագործությամբ չեն զբաղվում։ Հեռախոս ունեն ու համացանցում փնտրում են համագյուղացիներին, տեղեկանում՝ որտե՞ղ են, ինչպե՞ս են ապրում ու մխիթարվում գրեթե չտարբերվող ճակատագրերով։ Կարծես ներկայով չեն ապրում, օրվա մեծ մասը գյուղում անցկացրած օրերից են պատմում, հրճվում ու ներկա գալով՝ լռում։

«Պապիս հումորով մարդ է։ Լռությունը կոտրում է իր զիլ ձայնով ու տանեցիներին փորձում աշխույժ պահել։ Մի օր տատիս վարձով տան այգում աշխատում էր, նրան երկար նայեց- նայեց, հետո թե՝ «վերջապես կնեգ ըս տըռալ»։ Այսինքն՝ ուրախացել էր․ գտել էր իր աչքին սովոր «շենին» կնոջը»։

Լուսինեն ևս տատիին այգում է հիշում։ Առավոտյան շուտ, երբ Տումիի կածաններով իջնում էին դեպի դպրոց, տատին ճանապարհի եզրին տնական ծաղիկների փնջով իրեն էր սպասում․ «տար տո դասատվերնացդ»՝ ասում էր։ Իսկ դպրոցի վերադարձի ժամին նա արդեն տաք ճաշը սեղանին դրած էր սպասում։

Տումիի սովորություններով՝ Էջմիածնում․ամուսիններն անցյալից կտորներ հավաքելով են ապրում (լուսանկարներ)

«Պապիս էլ մի սովորություն ուներ, որ այստեղ է շարունակում։ Գյուղում մի փոքր փայտից կամ երկաթե կտորից դեկոր էր հավաքում։ Դուրս է գալիս՝ ձեռքին մի փայտի կտոր բռնած վերադառնում։ Դրսում մի 30- 40 րոպե թխկթխկացնում է, հետո մի տարբերվող իր պատրաստած, իրենից գոհ- գոհ տուն բարձրանում։ Օրեր առաջ էլ վարձով տան ձեղնահարկում հին վառարան էր գտել, վերանորոգել ու հիմա բակում դրված է․ ժենգյալով հաց են թխում, կարտոֆիլով պլեճ պատրաստում։ Վերջին անգամ հյուր գնալիս էլ մի նոր հայելի էր ավելացել բակում։ Անընդհատ փորձում է մի բան ստեղծել, հետք թողել»,- ասում է Լուսինեն։
Տումիի սովորություններով՝ Էջմիածնում․ամուսիններն անցյալից կտորներ հավաքելով են ապրում (լուսանկարներ)

Էջմիածնի՝ Զվարթնոց թաղամասի վարձով տունն արտաքնապես նման չէ Տումիի տանը, բայց մթնոլորտը գրեթե չի տարբերվում․ խոհանոցից գրտնակի ու ձեթի նույն ձայներն են լսվում, բակից էլ կացնի, մուրճի աղմուկը կամ այգու շարքերը թացացնող ջրի քլթքլթոցը։ Քամին էլ իր գործն է անում․ ուղղակի այս անգամ ծաղիկների հոտի հետ մեկտեղ տան սենյակներով պտտեցնում է անցյալի հիշողությունները։

Լուսանկարները՝ Լուսինե Օհանյանի

Անի Աբաղյան