03 Փտր
2025
-3.9° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Արցախի գրողները՝ մեկ հարկի տակ

Հայաստանի և Արցախի գրողները՝ մեկ հարկի տակ

Փետրվարի 1-ին Արցախի և Հայաստանի գրողները մեկ հարկի տակ էր հավաքել Համազգայինի Արցախի գրասենյակը՝ գրող Հերմինե Ավագյանի գլխավորությամբ։  Հայկական տարբեր քաղաքաներում ու գյուղերում ծնված ստեղծագործողները սկսում էին պատմությունները ծննդավայրից՝ հասնելով մինչև մեր օրեր։ Դրանցից առանձին հետաքրքրություն ուներ շուշեցի Ջուլիետա Առստամյանինը։ Նա հեղինակ-կատարող է, որի ստեղծագործությունների մեծ մասը Շուշիի տանն է մնացել։ «Շատերը մոռացել եմ». այսպես է սկսում նախադասությունը՝ նոտաների էջերը թերթելիս։

Ջուլիետան Ադրբեջանում է ծնվել, արցախյան առաջին պատերազմից հետո տուն՝ Շուշի է վերադարձել։ Այնտեղ տատիկի երազանքները գտնելու հետքերով էր եկել։

«Իմ՝ Շուշի վերադարձը միստիկա ուներ. ես պետք է իրականացնեի տատիկիս երազանքը։ Այն է՝ ապրել ու ստեղծագործել բերդաքաղաքում»,- նշում է հեղինակ կատարողն ու սկսում կիթառ նվագելն ու երգելը:

Գրողներից Արմինե Բոյաջյանը, որ ինքնակենսագրական բանաստեղծությամբ խոստովանեց Չարենցի նկատմամբ ունեցած «նախանձը», խոսքի սկզբում խոսեց Հայաստանի և Արցախի գրողների միջև առկա «բաժանարար» գծի մասին։

«Կուզենայի բնականորեն չլիներ այդ գիծը, որ մենք ծանոթանալու հարց չունենայինք, այլ պարզապես հանդիպելու, խոսելու առիթ լիներ։ Քանի դեռ կա, ուրախ եմ այս ձևաչափով հանդիպելու»,- նշել  է Բոյաջյանը։

Արցախցի գրողները իրենց ստեղծագործությունները կարդալիս զարմանում էին՝ «այս անգամ հուզմունքս կարողացա զսպել» տողերով արտահայտելով այն։ Այդ գրողների շարքում էր նաև Զարինե Սառաջյանը։

«Եթե ուզում եք իրական սիրո խոստովանություն լսել, խնդրեք պատմել Արցախի մասին»,- գրողի խոսքերից են։

Գրական նմանատիպ երեկոները շարունակական են լինելու։

Լուսանկարները՝ Գագիկ Հարությունյանի