«Պոլոնեզից» մինչև «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին․ «Հետք»
«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:
Ըստ այդմ՝ 2020 թ. օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծումից ընդամենը 1 ամիս առաջ, բելառուսական «Վոլատավտո» ԲԲԸ-ի (ОАО «Волатавто») գլխավոր ինժեներ Դմիտրի Բարազնովը նամակ է գրել «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարան» հանրապետական արտադրական միացյալ ձեռնարկության (РПУП «Завод точной электромеханики») տնօրեն Յուրի Չյորնիին՝ հայտնելով, որ «Վոլատավտո», «ՄԶԿՏ» և Britex ընկերությունների մասնագետները պատրաստ են մեկնել «1221» տարածաշրջան (նկատի ունի Ադրբեջանը)՝ ռեկլամացիոն աշխատանքներ կատարելու: Հիմա հասկանանք, թե սա ինչ է նշանակում: Այսպես՝ «ՄԶԿՏ» գործարանը (Минский завод колёсных тягачей, МЗКТ) արտադրում է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի «ՄԶԿՏ-7930» շասսիները: «Պոլոնեզը» ռուսական «Սմերչի» բելառուսական այլընտրանքն է և 2018-ից ընդգրկված է Ադրբեջանի սպառազինության մեջ: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը ոչ միայն «Սմերչով», այլև «Պոլոնեզով»:
«Վոլատավտոն» 1991-ին ստեղծվել է որպես «ՄԶԿՏ»-ի դուստր ձեռնարկություն, սակայն 2009-ից առանձին բաժնետիրական ընկերություն է: Այն ևս «Պոլոնեզ» համակարգի արտադրման մասնակից է: Britex Industrie-Technik-ը գերմանական մեքենաշինական ընկերություն է, որը մասնագիտացած է, մասնավորապես, ամբարձիչ տեխնիկայի սեգմենտում և ներկայացուցչություն ունի Բելառուսում: «Պոլոնեզի» մշակմանն ու արտադրությանը մասնակցում է նաև վերոնշյալ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը: Իսկ ռեկլամացիոն աշխատանքներն այն աշխատանքներն են, որոնք կատարվում են գնորդի/պատվիրատուի բողոքի/պահանջի հիման վրա: Այսինքն՝ ադրբեջանական կողմը «Պոլոնեզի» վերաբերյալ ինչ-ինչ խնդիրներ է արձանագրել, և բելառուսները մասնագետներ են ուղարկել այնտեղ՝ դրանք շտկելու համար: Նկատենք, որ ռուսական և բելառուսական զորքերի գործունեությանը հետևող «Բելառուսական Գայուն» նախագիծը X սոցցանցի իր էջում այս տարվա հունիսին ևս մի քանի գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վերաբերում են 2020 թ. Ադրբեջանում «Պոլոնեզների» վերանորոգման դրվագին: Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2020-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն բելառուսական կողմին ներկայացրել է «Պոլոնեզ» համակարգերում ի հայտ եկած որոշ դեֆեկտներ: Դրանք հայտնաբերվել էին, մասնավորապես, տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի ամբարձիչի վրա: Հավանական խափանումներից զերծ մնալու համար կանխարգելիչ աշխատանքներ էին նախատեսվել նաև 6 հատ «ՄԶԿՏ-7930» շասսիների վրա: Այս ամենի համար էլ կազմակերպվել է բելառուսական ընկերությունների մասնագետների այցը Ադրբեջան, ինչին անդրադարձանք վերևում: Այցը նախանշվել էր 2020-ի օգոստոսի առաջին կեսին: Տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի դեֆեկտների շտկման մասին ակտը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին Բաքվում: Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ, եթե ոչ նաև ընթացքում, Բելառուսի մասնագետները կարգի են բերել Ադրբեջանի «Պոլոնեզները»:
Ընդ որում՝ փաստաթղթերում նշվում է «Պոլոնեզ-ՄԱ» համակարգի մասին, որը, ենթադրաբար, մոդեռնիզացված «Պոլոնեզ-Մ»-ի՝ Ադրբեջանի համար նախատեսված տարբերակն է: «Պոլոնեզ-Մ»-ի կրակի առավելագույն հեռավորությունը 300 կմ է: Մեր տրամադրության տակ են հայտնվել նաև Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների 2021 թ. նամակներ, որոնց առանցքում կրկին «Պոլոնեզ» համակարգերն են: «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առևտրային միացյալ ձեռնարկության (ГВТУП «Белспецвнештехника») գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իգոր Վելենտեյը 2021-ի մայիսին նամակ է գրել «Վոլատավտո» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Չյորնիին: «Բելսպեցվնեշտեխնիկան» զբաղվում է գիտական, արտադրական և արտաքին առևտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական և երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին և այլ արտադրանքի: Այսինքն՝ սա, ի թիվս տարբեր տեսակի գործունեության, զբաղվում է բելառուսական սպառազինության վաճառքով: Եվ ահա Վելենտեյը, նկատի ունենալով Ադրբեջանին, հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դժգոհում է «Պոլոնեզ» համակարգի «Վ-300ՏԶՄ» տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի հեռակառավարման վահանակի վերանորոգման երկար ժամկետներից (այդ պահին վահանակը վերանորոգման մեջ էր 6 ամսից ավելի): Բացի դրանից՝ պարզվել է, որ տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի վրա հայտնաբերված դեֆեկտը շտկելուց հետո, ինչի մասին ակտը ստորագրվել էր 2020-ի սեպտեմբերի 15-ին, ամբարձիչի պահեստամասերի լրակազմը չի համալրվել նոր դետալներով: Վելենտեյը Չյորնիին խնդրել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որոնք բխում են 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ կնքված պայմանագրից: Խոսքն, ըստ էության, «Պոլոնեզների» ձեռքբերման և սպասարկման համաձայնագրի մասին է: 2021-ի օգոստոսյան նամակագրությունից էլ տեղեկանում ենք, որ «Պոլոնեզների» 12 շասսիների («ՄԶԿՏ-7930») և շարժիչների պարբերական տեխսպասարկման նպատակով Ադրբեջան պետք է գործուղվեին «ՄԶԿՏ» ձեռնարկության մասնագետները՝ 10 հոգի (ներառյալ ռեզերվային կազմը): Սակայն բելառուս մասնագետները Ադրբեջան են մեկնել ոչ միայն «Պոլոնեզների» վերանորոգման համար: «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի 2021 թ. սեպտեմբերյան մի հրամանից տեղեկանում ենք, որ 23 օրով (սեպտեմբեր-հոկտեմբեր) Բաքու պետք է գործուղվեր այս ընկերության հատուկ տեխնիկայի և ՀՕՊ զորքերի սպառազինության ու տեխնիկայի վարչության հատուկ տեխնիկայի բաժնի առաջատար մասնագետը: Վերջինիս գործուղման վայրը, ըստ հրամանի, եղել է Concept Project LP ընկերությունը: Խոսքն, ըստ ամենայնի, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում գրանցված կազմակերպության մասին է, որն ադրբեջանական արմատներ ունի: Բրիտանական ռեգիստրում սրա գործունեության տեսակը նշված է միջազգային առևտուր և ներդրումներ, բայց բելառուսական փաստաթուղթը հուշում է, որ այն կապ ունի ռազմական ոլորտի հետ: 2017-2019 թթ. Concept Project-ի գլխավոր բաժնետերը եղել է վրացի Ալեքսանդր Դարասելիան, 2019-2023 թթ.՝ ադրբեջանցի Անատոլի Ախանովը, իսկ 2023-ից՝ Լեյլա Ախանովան: Concept Project-ը 2016-2022 թթ. վերահսկիչ բաժնեմաս է ունեցել ադրբեջանական արմատներ ունեցող բրիտանական մեկ այլ ընկերությունում՝ Azairtechservice LLP-ում (հիմնադրվել էր 2013-ին, սակայն 2024-ի հուլիսին լուծարվել է):
Բելառուսն Ադրբեջանին առաջարկում է GPS-ի և նմանատիպ համակարգերի աշխատանքը խափանող սարքեր Նախորդ հոդվածում գրել էինք Բելառուսից Ադրբեջան մատակարարվող «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական կայանների մասին, որոնք ադրբեջանական բանակի շարքերն սկսել են համալրել 2018-ից: Սրանց նախագծողն ու արտադրողը բելառուսական «ԿԲ Ռադար» ԲԲԸ-ն է (ОАО «КБ Радар»): Այս ընկերության տնօրեն Իգոր Սադովսկին շուրջ 6 ամիս առաջ՝ 2024 թ. ապրիլի 1-ին, նամակ է գրել «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրեն Իգոր Վելենտեյին՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցությանը: Նամակից տեղեկանում ենք, որ 2016-2017 թթ. Ադրբեջան են առաքվել «Օպտիմա-3.2» համակարգեր, որոնք նախատեսված են գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (GNSS, Global Navigation Satellite System) ազդանշանները ճնշելու համար: Եթե GNSS հապավումն առաջին հայացքից անծանոթ է թվում ընթերցողներից շատերին, ապա բավական է ասել, որ դրա մշակումներից կամ տարբերակներից է աշխարհում մեծ տարածում գտած ամերիկյան GPS-ը: Վերջինս, սակայն, իր տեսակի մեջ միակը չէ: Այդպիսի նավիգացիոն արբանյակային համակարգեր են նաև ռուսական ГЛОНАСС-ն ու եվրոպական Galileo-ն: Սադովսկին իր նամակում նշել է, որ նախկինում Ադրբեջանին մատակարարված «Օպտիմա-3.2»-ները կիրառելի են եղել GPS-ի և ГЛОНАСС-ի ազդանշանների ընդունիչների դեմ պայքարում, իսկ ժամանակակից տարբերակը ճնշում է նաև Galileo-ի ու չինական BeiDou-ի ազդանշանները: Այսինքն՝ բելառուսական համակարգն Ադրբեջանի կողմից կարող է կիրառվել Հայաստանի քաղաքացիական ու ռազմական այնպիսի ենթակառուցվածքների դեմ, որոնք կիրառում են GPS-ի և նմանատիպ համակարգերի ազդանշանները: Մասնավորապես՝ «Օպտիմա-3.2»-ն ունակ է թիրախավորել ամերիկյան GPS-ի կողմից կիրառվող հաճախականությունների L1 տիրույթը (1563-1587 ՄՀց): L1-ը նավիգացիոն նպատակներով օգտագործվող ամենակարևոր տիրույթն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։