24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ռազմավարական օբյեկտներից ռուսական ուժերի դուրսբերման որոշումները կայացվել են օպերատիվ և առանց ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ մեղադրանքների. DW

ՀՀ ռազմավարական օբյեկտներից ռուսական ուժերի դուրսբերման որոշումները կայացվել են օպերատիվ և առանց ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ մեղադրանքների. DW

Թեև պաշտոնական Երևանը փորձում է ռուս սահմանապահների դուրսբերումը ներկայացնել որպես դիվանագիտական գործողություն, իսկ վարչապետ Փաշինյանը նույնիսկ շնորհակալություն է հայտնել Պուտինին հայ-իրանական սահմանին ռուս զինվորականների երկար տարիների ծառայության համար, այս որոշումը շատերի կողմից ընկալվել է որպես ընդհանուր միտումի հաստատում, գրել է Deutsche Welle-ն։

Այս բոլոր իրադարձությունները պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերություններում առկա բարդությունների ֆոնին։ Զարգացնելով շփումները Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ Հայաստանը բացահայտ դժգոհություն է առաջացրել Մոսկվայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ տարաձայնություններն այնքան են սրվել, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության սառեցման մասին և սպառնացել դուրս գալ կազմակերպությունից։ Չնայած Ռուսաստանի դժգոհությանը Հայաստանի քաղաքականությունից՝ ռազմավարական օբյեկտներից՝ Երևանի օդանավակայանից և հայ-իրանական սահմանի անցակետից ռուսական ուժերի դուրսբերման որոշումները կայացվել են օպերատիվ և առանց ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ մեղադրանքների:

Թեև սահմանապահներին առնչվող պայմանավորվածությունները ձեռք են բերվել հոկտեմբերի 8-ին Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումից հետո, սակայն տեղեկատվության ներկայացման եղանակն անսովոր էր։

Տեղեկատվությունը հրապարակվել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում։ Հատկանշական է, որ այս տեղեկությունը չի նշվում ոչ Կրեմլի մամուլի հաղորդագրությունում, ոչ էլ Հայաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին պաշտոնական հաղորդակցության մեջ նշվել է այլ ասպեկտների քննարկման մասին, օրինակ՝ տնտեսական համագործակցության հարցեր, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Բացի այդ, Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, թեև Հայաստանը նախապես հաստատել էր իր մասնակցությունն այս միջոցառմանը։