26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այո՛, չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպար հատվածի հանձնումը, բայց կարողացանք կանգնեցնել «անկլավների» հանձնումը. Բագրատ Սրբազան

Այո՛, չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպար հատվածի հանձնումը, բայց կարողացանք կանգնեցնել «անկլավների» հանձնումը. Բագրատ Սրբազան

«Տավուշն հանուն հայրենիք» շարժումը, որը վերանվանվեց «Սրբազան պայքար» սկսեցինք այն հստակ գիտակցումով, որ Տավուշում սկսված անօրինական և ամոթալի գործընթացը չի սահմանափակվելու միայն տավուշյան տեղային նշանակությամբ, այլ լինելու է շարունակական գործընթաց. խորհրդարանական լսումների ընթացքում ԱԺ ամբիոնից հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նա նշել է, որ իրենք գիտակցել են՝ հարցը վերաբերվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ փորձ է արվում խարխլել մեր պետության հիմքերը՝ սկսած տարածքային ամբողջականությունից, մինչև Սահմանադրության փոփոխություն ու Անկախության հռչակագրի ժխտում, ինքնութենական նկարագրի ու պահանջատիրության մերժում։

«Այո՛, այս փուլում մենք չհաջողեցին, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի և խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքն ի վերջո կանգնեցնելու և մեր պետականությունը վերականգնելու մասին։ Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպար հատվածի հանձնման աղետը, սակայն կարծում եմ, որ գոնե այս ընթացքում  հաջողեցինք ինչ-որ իմաստով կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր այսպես կոչված «անկլավների» հանձնումը, նոր տարածքների զիջումը, այս վերջին աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսված էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ, նաև Ադրբեջանից  պարտադրված սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը։

Երբ մենք շեշտում ենք, որ սահմանազատում և սահմանագծում չէ, այլ միակողմանի զիջում՝ պարտադրանքի ներքո, ոմանք չէին ցանկանում հասկանալ, կամ չէի հասկանում»,֊ասել է Բագրատ սրբազանը։

Արքեպիսկոպոսի խոսքով՝ գործող կառավարությունը այս կանոնակարգի ներդրումով փաստել է իրենց ասածների իրական լինելը: Աշխարհում չլսված ու չտեսնված, երբևէ չգրանցված երևույթ է տարածքների միակողմանի զիջումը, այս ճանապարհին հանրությանը սպառնալն ու խաբելը, սահմանազատման և սահմանագծման մասին փաստաթուղթն ամբողջությամբ թշնամու պայմաններին ու պարտադրանքներին հարմարեցնելը։

«Այս կառավարության ղեկավարը ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպիսի արագությամբ է ձախողում մեր պետականությունը, հիմքերն ու ինքնիշխանությունը։ Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է հանցակից դարձնել իր շուրջ գտնվողներին՝ բոլորին անխտիր։ Այլապես ինչո՞ւ նոյեմբերի 9-ի խայառակ փաստաթուղթը, դրան հաջորդած բոլոր փաստաթղթերն ու ստորագրությունները՝ ներառյալ Պրահայի աղետալի փաստաթուղթը, որով ըստ էության հանձնվեց մեր Արցախը աշխարհը։ Այն չներկայացվեց ոչ Սահմանադրական դատարան, ոչ էլ Ազգային ժողով, սակայն այս կանոնակարհ կոչվածը որն անգամ ինքը չի ստորագրել, անցնում է այսպիսի ընթացակարգով: Նպատակը մեկն է՝ հանցակից դարձնել բոլորին՝ Սահամանադրական դատարանին, Ազգային ժողովին և իր իսկ կուսակցությանն ու խմբակցությանը։

Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը, մեզ՝ բոլորիս, այլև իր իսկ թիմակիցներին»,֊ասել է «Սրբազան պայքարի» առաջնորդը:

Բագրատ սրբազանը նշել է, որ իրեն հուզում է ՔՊ ընտրած 680 հազար հայ մարդկանց, երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։ Իրեն հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական պատկերն ու չափերը:

«Քաղաքական առումով, հանրային, ռազմական, դիվանագիտական, առաջնորդության, քաղաքական բարոյականության առումով ամբողջական սնա՛նկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի, որովհետև դա էլ է սնանկ»,֊դիմելով Փաշինյանին՝ ասել է Սրբազանը:

Ապա, ԱԺ ամբիոնից դիմելով ՔՊ խմբակցության անդամներին, Բագրատ սրբազանն ասել է՝ վաղը ուշ է լինելու իրենց համար:

«Դուք մաս ենք կազմում մեր պետության կործանմանը, դադա՛ր տվեք, ներողությո՛ւն խնդրեք՝ Ձեր զավակների ու ընտանիքի անդամների աչքերին նայելով, և պետությունը կործանողներից դարձեք պետությունը պաշտպանողներ»,-ասել է Սրբազանը։