ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է պայմանավորվի մարդու իրավունքների հարգմամբ և ՀՀ-ի հետ խաղաղ գործընթացում առաջընթացով
Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբերը կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին և Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին՝ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է պայմանավորվի մարդու իրավունքների հարգմամբ և Հայաստանի հետ խաղաղ գործընթացում առաջընթացով։ Խմբերը կոչ են արել ԵՄ-ին կասեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը, քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Ադրբեջանի հարցով զեկուցող Սերգեյ Լագոդինսկին քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ հանածո վառելիքի եկամուտներից կախվածության և այլախոհությունը ճնշելու համար։ «Ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների վիճակը Ադրբեջանում աղետալի է», – նշել է նա՝ ընդգծելով ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին ընդառաջ քաղաքացիական հասարակության ճնշումների վերաբերյալ մտահոգությունները։
Կանաչների Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Մարկետա Գրեգորովան միացել է այս կոչերին՝ ընդգծելով, որ COP29-ում ԵՄ պատվիրակությունը պետք է դատապարտի Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը։
«Մենք պետք է ճանաչենք և աջակցենք ադրբեջանական ընդդիմության պայքարին Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ»,- հավելել է նա։