28 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«3+3» ձևաչափում Թուրքիայի մոտեցումների ու դիրքորոշումներ մասին

«3+3» ձևաչափում Թուրքիայի մոտեցումների ու դիրքորոշումներ մասին

Genesis Armenia-ն հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում «3+3» ձևաչափի առաջացմանն ու նպատակադրումներին, նաև այդ ուղղությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությանն առնչվող հարցերին:

Գևորգ Գալտակյանի հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Տարածաշրջանում հարցեր լուծելու գաղափարը, որն, ըստ սահմանման, ընկած է «3+3»  ձևաչափի հիմքում, նախապես առաջարկել է Իրանը՝ նպատակ ունենալով Հարավային Կովկասում հնարավորինս նվազեցնելու ԱՄՆ-ի ազդեցությունը: Այդ թվում՝ Իրանը Լեռնային Ղարաբաղի հարցի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր լուծման տարբերակն է առաջարկել, որտեղ ներգրավված պետք է լինեին նաև Թուրքիան և Ռուսաստանը (այս մասին իր հուշերում գրում է Իրանի արտգործնախարար (2013-2021թթ.) Մոհամմադ Ջավադ Զարիֆը):

Պաշտոնապես «3+3» ձևաչափը ստեղծվել է Ռ.Թ.Էրդողանի և Ի.Ալիևի առաջարկով՝ նախատեսելով ներգրավել Ռուսաստան, Թուրքիա և Իրան, ինչպես նաև Հայաստան, Ադրբեջան և Վրաստան պետությունները: Ընդ որում՝ Վրաստանի ԱԳՆ-ն ի սկզբանե հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել դրան այն պատճառով, որ իրենց համար կարմիր գիծ են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և որ իրենց ներգրավվածությունը որևէ ձևաչափում  չի կարող լինել ի հաշիվ սեփական ազգային շահերի:

Հետևաբար պարզորոշ է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հավաքվել են նախևառաջ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները «կարգավորելու» համար: Սրանով Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագետների կողմից խնդիր է դրվում դե յուրե և դե ֆակտո վերացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ հնարավոր դերակատարում՝ գործընթացից դուրս մղելով թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ֆրանսիային:

18.10.2024-ին Ստամբուլում անցկացված «3+3» ձևաչափով 3-րդ հանդիպման արդյունքում Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստային վերլուծությունից կարելի է հետևյալ եզրակացություններն անել: Նշվում է, որ «Հարթակի նպատակն է փոխադարձ օգուտի հենքի վրա Հարավային Կովկասում զարգացնել բազմակողմանի համագործակցությունն այն ըմբռնումով, որ տարածաշրջանի տերը տարածաշրջանի պետություններն են»: Այս ձևաչափը  առաջին հայացքից թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար միտված է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ազդեցությունը նվազեցնելուն, սակայն «Արևմտյան բլոկը» այստեղ, փաստացիորեն, արտահայտված է Թուրքիայով և նրա արբանյակ Ադրբեջանով: Հետևաբար՝ Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարման ավելացումն անկերբայորեն հանգեցնելու է նաև ՆԱՏՕ-ի ազդեցության գոտու ծավալմանը:

Թուրքիայի դիվանագիտությունը նշված գործընթացը մատուցում է, որպես «Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն կառուցել», սակայն ողջամիտ կասկածներ կան առ այն, թե որքանով իրական կարող են լինել Թուրքիայի շարժառիթները: Այդպես մտածելու հիմք է տալիս այն, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում Թուրքիան (ի դեպ, ինչպես նաև ՌԴ-ն և Իրանը) հանդիսանում է շահագրգիռ կողմ և որևէ կերպ չի կարող իրականացնել անաչառ միջնորդի դերակատարում: Ի վերջո, կարծում եմ կարիք չկա հիշեցնելու 2020թ.-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի, ինչպես նաև Հայաստանի դեմ իրականացված ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարման հանգամանքի մանրամասները:

Պարզապես հանցավոր միամտություն կլինի կարծել, թե թուրքական պետությունը մտադիր է զբաղվել աշխարհաքաղաքական բարեգործությամբ և մտածել Հայաստանի մասին, այն դեպքում, երբ Թուրքիան իր շահերը որևէ պարագայում պատրաստ չէ զիջել անգամ իր եղբայր Ադրբեջանին:

Թուրքիայի կողմից տարբեր մակարդակներում քարոզվում է նաև տնտեսական համագործակցության միջոցով կայունություն հաստատելու գաղափարը, որն էլ հարկ է համարել թուրքական փափուկ ուժի դրսևորում: Սա որոշ հատվածներում համընկնում է Ռուսաստանի և Իրանի տնտեսական շահերին՝ պայմանավորված նրանց վրա «Արևմուտյան բլոկի» կողմից կիրառվող տարատեսակ տնտեսական պատժամիջոցներով:

Ի մի բերելով՝ կարելի է փաստել, որ թուրքական դիվանագետները իրենց միակողմանի պահանջները հմտորեն բնորոշում են որպես «երկխոսություն», սակայն դրանում, ցավոք, բացակայում են անաչառությունն ու դիմացինի մոտեցումների նկատմամբ հարգանքը:

Ավելին՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի կողմից տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարվել է որպես ուղղակի կերպով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ շաղկապված գործընթաց, ինչն, ինքնին, ապակառուցողական է: Իսկ արդեն Ադրբեջանի քաղաքական վերնախավի հռետորաբանության մեջ առկա «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական եզրի առկայությունն ակներևորեն փաստում է, որ վերջիներս անթաքույց կերպով Հայաստանի հետ որևէ կարգավորման գնալու ցանկություն չեն կարող ունենալ (առավել մանրամասն տե՛ս՝ «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական խոսույթի մասին):

Գաղտնիք չէ, որ դեռևս 2018թ. Ռ.Թ.Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող ակնկալել սահմանների բացում, քանի դեռ «բռնազավթված» է Լեռնային Ղարաբաղը: Բայցևայնպես, նա դա ներկայացրել է որպես անհրաժեշտ պայման, բայց ոչ երբեք՝ բավարար պայման:

Այսպիսով՝ Թուրքիայի դիվանագիտական ապարատը «3+3» ձևաչափի միջոցով փորձ է կատարում հատկապես Ռուսաստանի և Իրանի ներգրավմամբ լրացուցիչ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ հավելյալ զիջումներ կորզելու համար: Այդուհանդերձ, Վրաստանի օրինակով մասնակցությունից պարզապես խուսափելը նույնպես հարցին լուծում չի կարող համարվել:

Հետևաբար, կարծում եմ, անհրաժեշտ է Ռուսաստանի և Իրանի գործընկերների հետ երկկողմանի աշխատանքների ակտիվացմամբ, ինչպես նաև արևմտյան պրոհայկական շրջանակների հետ համագործակցաբար մշակել և իրականացնել հայկական օրակարգը սպասարկող համապարփակ հայեցակարգ և ռազմավարական ծրագիր թուրքական դիվանագիտության այս համալիր գործողություններին դիմակայել կարողանալու համար»։