Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրության առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի հետ խաղաղության գործընթացի առումով․ Բորել
Արտաքին գործերի հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և հարաբերությունների կարգավորման հարցերով Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովը Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորություն է ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին: Սա հնարավորություն է շրջելու վերջին տարիների մտահոգիչ միտումը՝ քաղաքացիական հասարակության համար գնալով կրճատվող տարածքը, ուժեղացող ճնշումն անկախ լրատվամիջոցների և այլախոհ ձայների ու կամայական ձերբակալությունների աճող թվի վրա:
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի բոլոր նրանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար։ Խոշտանգումները և դաժան վերաբերմունքը բացարձակապես արգելված են միջազգային իրավունքի համաձայն, և չարաշահումների մասին ցանկացած հաղորդում պետք է անհապաղ և անաչառ հետաքննվի: Իշխանությունները պետք է ապահովեն պատշաճ ընթացք, արժանապատիվ վերաբերմունք բոլոր կալանավորների նկատմամբ և պատշաճ առողջապահական խնամքի հասանելիություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք մասնավորապես կոչ ենք անում կառավարությանն առանց հապաղելու վերացնել դոկտոր Իբադօղլուի ճանապարհորդության արգելքը և թույլ տալ նրան օգտվել արտերկրում իրեն անհրաժեշտ բուժօգնությունից:
Մենք նաև հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը կվերանայի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 անդամների մուտքի արգելքը՝ զուտ այն բանի համար, թե ինչպես են նրանք քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Ադրբեջանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդին բխում է բոլոր ադրբեջանցիների և ողջ Եվրոպայի հիմնարար շահերից», – նշել է Բորելը։ Նա ընդգծել է, որ COP29-ը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս կրկնել այս ուղերձները: Բաքու կատարած իր երկու վերջին այցերի ժամանակ կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հոքստրան բարձրացրել է մարդու իրավունքների իրավիճակը իշխանությունների հետ և հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ 2024 թվականի Սախարովի մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից, դոկտոր Իբադողլուի հետ:
«COP29-ը նաև պատմական հնարավորություն է խաղաղության համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այդքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական հնարավորություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու իրենց նվիրվածությունը խաղաղությանը և խաղաղության համաձայնագիր ստորագրելու քաղաքական կամք ձեռք բերելու համար: ԵՄ-ը շարունակում է իր լիակատար աջակցությունը կարգավորման գործընթացին և պատրաստ է մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսները՝ թույլ տալու բոլոր կողմերին քաղել տևական և կայուն խաղաղության օգուտները։
Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրության առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի հետ խաղաղության գործընթացի առնչությամբ։ Մենք պետք է բաց պահենք մեր հաղորդակցության ուղիները և օգտագործենք մեր հարաբերությունները՝ խթանելու մարդու իրավունքները, խաղաղությունն ու կայունությունը՝ Ադրբեջանում և ողջ տարածաշրջանում», – հայտարարել է Բորելը։