ԵՄ-ը և Ադրբեջանը շարունակում են բառերի պատերազմը․ POLITICO
Եվրամիության և նրա նավթի ու գազի ամենակարևոր մատակարարներից մեկի՝ Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվել են, և բառերի պատերազմը բռնկվել է ընդամենը շաբաթներ առաջ, երբ արևմտյան առաջնորդները կմեկնեն Բաքու՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ամենակարևոր բանակցություններին մասնակցելու, գրել է POLITICO-ն:
Երեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած ելույթում զբաղվածության և սոցիալական իրավունքների հարցերով եվրոպական հանձնակատար Նիկոլաս Շմիտը նշել, որ ՄԱԿ-ի գլխավորած COP29 բանակցությունները հաջորդ ամիս Բաքվում պետք է «հնարավորություն դառնան Ադրբեջանի իշխանությունների համար՝ ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների նկատմամբ իրենց միջազգային պարտավորություններին»:
Շմիտը կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուին, ով առաջադրվել է խորհրդարանի Սախարովի անվան հեղինակավոր մրցանակին իր ակտիվության համար, և Բահրուզ Սամադովին՝ խաղաղության ակտիվիստին, որը մեղադրվում է դավաճանության մեջ: Բանավեճի մյուս մասնակիցներն ընդգծել են, որ Բաքուն պետք է ազատի անցյալ տարի Արցախի շուրջ պատերազմի ժամանակ գերեվարված հայ առաջնորդներին:
Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ էլ ավելի հեռուն են գնացել՝ կոչ անելով, որ ԵՄ-ը դադարեցնի Ադրբեջանի հետ բնական գազի գնումների գործարքը:
Համաձայնագիրը խթանում է մարդու իրավունքների խախտումները և թույլ է տալիս Ռուսաստանին լվանալ իր հանածո վառելիքը Ադրբեջանի միջոցով, ընդգծել է ֆրանսիացի կենտրոնամետ պատգամավոր Նատալի Լոիզոն:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը POLITICO-ին տված մեկնաբանությունում նշել է․
«Եվրախորհրդարանում քննարկումներից մի քանիսը մեզ հիշեցնում են աբսուրդի թատրոն կամ կրկես: Աշխարհը տեսել է կոռուպցիայի ամոթալի պրակտիկան այս հաստատությունում: Իմ երկրի դեմ այդ բարձրախոսներից շատերը գտնվում են հայկական լոբբիի և PR-ի ազդեցության տակ»,- պնդել է նա՝ առանց որևէ ապացույցի, ապա խորհուրդ տվել ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին լրջորեն զբաղվել Եվրամիությունում մարդու իրավունքների աճող խնդիրներով, «այլ ոչ թե քարոզել ուրիշներին»։
Հաջիևը նաև անդադարձել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչերին և հորջորջել, թե իբր «հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու կոչերը, որոնք սպանել են անմեղ ադրբեջանցի խաղաղ բնակիչներին, հավասարազոր են նացիստական ռազմական հանցագործներին ազատ արձակելուն»: