Աղվեսը՝ հավանոցի պատասխանատու․ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել COP29-ը՝ ավելացնելով գազի արդյունահանումը մեկ երրորդով
Ադրբեջանը, որը հյուրընկալում է ՄԱԿ-ի COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովը, հաջորդ տասնամյակում կընդլայնի հանածո գազի արդյունահանումը, ասվում է Urgewald-ի և CEE Bankwatch ՀԿ-ների միջազգային ցանցի նոր զեկույցում։
Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը՝ Socar-ը և նրա գործընկերները, մտադիր են բարձրացնել երկրի տարեկան գազի արդյունահանումը մինչև 2033 թվականը՝ ներկայիս 37 մլրդ խմ-ից հասցնելով 49 մլրդ խմ-ի: Socar-ը նաև վերջերս համաձայնել է ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն 17-ով % մինչև 2026թ-ն։
Նոր զեկույցում նշվել է, որ Ադրբեջանն, այսպիսով, պատրաստվում է հաջորդ տասնամյակում ավելացնել իր գազի արդյունահանումը մեկ երրորդով։ Ընդ որում՝ հանածո վառելիք արտահանող ընկերությունները կանխատեսում են ծախսել 41,4 միլիարդ դոլար (31,9 միլիարդ ֆունտ ստեռլինգ) երկրի գազի հանքավայրերի վրա: Միայն Socar-ը 2022-2024 թվականներին գրեթե 300 մլն դոլար է ծախսել նավթի և գազի նոր որոնումների վրա։
Cop29 գագաթնաժողովը, որը մեկնարկում է նոյեմբերի 11-ին, տեղի է ունենում այն ժամանակ, երբ գիտնականները պնդում են, որ ածխաթթու գազի արտանետումների շարունակական ռեկորդը նշանակում է, որ «մարդկության ապագան կախված է հավասարակշռությունից»: Սակայն 2023 թվականին Socar-ը իր կապիտալ ծախսերի 97%-ը ուղղել է նավթի և գազի նախագծերին, նշվել է զեկույցում։
«Հաշվի առնելով Socar-ի առանցքային դերը Ադրբեջանի տնտեսության մեջ և նրա սերտ կապերը երկրի քաղաքական վերնախավի հետ, նրա ազդեցությունը, անշուշտ, կզգացվի Բաքվում կլիմայի շուրջ բանակցությունների ընթացքում», – ասել է զեկույցի գլխավոր հեղինակ Ռեգինե Ռիխտերը գերմանական Urgewald ՀԿ-ից: «Երբ մենք պատրաստվում ենք Cop29-ին, մենք չենք կարող չհարցնել ինքներս մեզ՝ արդյո՞ք մենք աղվեսին չենք դրել հավանոցի պատասխանատու»: