Իսրայելը չի հետաձգել Իրանի վրա հարձակումն ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով․ լրատվամիջոցներ
ԱՄՆ-ն հայտարարել է, որ ոչ մի նշան չի տեսնում, որ Իսրայելը հետաձգում է Իրանի դեմ միջոցառումները՝ հարձակման նախապատրաստման վերաբերյալ ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով․ հայտնել է War Zone պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Ավելի վաղ բրիտանական Times թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելը հետաձգել է հարձակումն Իրանի վրա՝ դրա նախապատրաստման մասին ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով և փոխում է ռազմավարությունը։
CNN-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանին հարվածելու Իսրայելի նախապատրաստման վերաբերյալ իր հույժ գաղտնի հետախուզության արտահոսքը, որը ներառում է Իսրայելի ռազմաօդային ուժերի զորավարժությունները՝ օգտագործելով «օդ-երկիր» հրթիռներ:
Հոկտեմբերի 15-ով և 16-ով թվագրված փաստաթղթերը համացանցում սկսել են շրջանառվել հոկտեմբերի 18-ին: Ըստ CNN-ի՝ դրանք մակագրված են որպես «հույժ գաղտնի» և նշում են, որ այդ տեղեկատվությունը կարող են դիտել միայն Five Eyes հետախուզական դաշինքի անդամները։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ իր քարտուղարությունից ոչ ոք ներգրավված չէ Իրանի վրա հարձակման Իսրայելի նախապատրաստման մասին ամերիկյան հետախուզության արտահոսքի հետաքննությանը։