ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողներ են
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Այս մասին հայտնում է The Times of India թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ տվյալների՝ հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենքի, զինամթերքի և բաղադրիչների լայն տեսականի են արտահանում մոտ 100 երկիր։ Անցած տարվա ընթացքում վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար։
Դեպի ԱՄՆ արտահանումը հիմնականում բաղկացած է ենթահամակարգերից։ Շահառուներից են այնպիսի համաշխարհային պաշտպանական հսկաները, ինչպիսիք են Boeing-ը և Lockheed Martin-ը, որոնք Հնդկաստանից գնում են ֆյուզելաժ, թևեր, ինքնաթիռների և ուղղաթիռների այլ մասեր՝ որպես իրենց գլոբալ մատակարարման շղթաների և փոխհատուցման պարտավորությունների մաս: «Ֆրանսիան, իր հերթին, ներմուծում է մեծ թվով ծրագրային ապահովման էլեկտրոնային սարքավորումներ», – նշել է աղբյուրը։
Հայաստանը, ըստ հրապարակման, մի քանի գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ վերջին չորս տարիների ընթացքում հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։ Հայաստանը դարձել է հնդկական արտադրության «Ակաշ» ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։
Բրազիլիան հետաքրքրություն է հայտնել «Ակաշ» համակարգի բարելավված տարբերակների համատեղ արտադրության և համատեղ մշակման նկատմամբ: