22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, որ մենք այդ հաղթնակներն ունեցել ենք և, տա Աստված, էլի կունենանք․․․ Տաթև Ղազարյան

Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, որ մենք այդ հաղթնակներն ունեցել ենք և, տա Աստված, էլի կունենանք․․․ Տաթև Ղազարյան

Ժամանակակից հայկական թատրոն, սերիալներ, պրեմիերաներ․․․Դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ զրուցել ենք այժմյան թատրոնում առկա տենդենցների, սերիալների և այն դերերի մասին, որոնք մարմնավորում է դերասանուհին Համազգային թատրոնի բեմում։ Տաթևը թրթիռով է խոսում իր բոլոր դերերի մասին և խոստովանում, որ յուրաքանչյուր դերի նույն ոգևորությամբ է մոտենում։

-Տաթև, գիտեմ, որ նոր ներկայացման մեջ եք խաղում, ի՞նչ ներկայացում է և ինչի՞ մասին է:

-«Լակոտը» ներկայացումը հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Ներկայացումը մեծ սիրո մասին է, ինչի պակասն այսօր շատ ունենք։ Իրադարձությունները վիպակում տեղի են ունենում խորհրդային տարիներին։ Հերոսները բռնաճնշումների զոհեր են։ Վիպակը գրվել է իրական պատմության հիման վրա։ Այդ տեսակի սիրո մասին, ցավոք, այսօր թերևս միայն գրքերում ենք կարդում։ Այն Սոս Սարգսյանի քրոջ կյանքի պատմությունն է։ Պատմությունն իրականություն է և այնտեղ չափազանցություններ չկան ընդհանրապես։ Կան դաժանությունների մասին, բայց դաժան չի բեմադրված և այդ դաժանությունները չեն երևում ներկայացման մեջ։ Սա իրական պատմությունների հիման վրա գրված վիպակ է, որն էլ մենք բեմավորեցինք։

-Վերջերս, երբ պատերազմից է խոսք բացվում, շատերը վրդովվում և ասում են, որ կարիք չկա այդ ամենն էլի փորփրելու, որ այդ ամենը մարդկանց ցավեցնում է։ Ի՞նչ եք կարծում, պետք չէ՞ այլևս խոսել պատերազմի մասին, թե՞ պետք է այլ կերպ խոսել։

-Գիտեք, փորփրել ասվածը շատ խորը թաղված որևէ բանին է վերաբերվում, մենք ոչինչ շատ խորը չենք թաղել, որ փորփրենք։ Ամեն ինչ դեռ շատ թարմ է, ինչպե՞ս կարող ենք դա մոռանալ։ Ինչպե՞ս մոռանալ՝ իմ ուսանողներից մեկը մինչև հիմա գերության մեջ է․ չգիտենք՝ ուր է, ինչ է, ողջ է․․․Դրա ի՞նչը մոռանաս, ի՞նչը փորփրես։

-Խաղացանկում պատերազմի մասին ներկայացում ունե՞ք:

-Մենք ունենք «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, որը բերմադրվել է 2018 թվականին և էլի հիմնված է իրական փաստերի վրա։ Ներկայացումն ավարտվում է Շուշիի ազատագրմամբ՝ մեր հաղթանակով։ Տարիներով խաղացել ենք այդ ներկայացումը՝ հպարտությամբ, երջանկությամբ։ Հիմա էլ կա խաղացանկում, և շատ ավելի ցավոտ է նայվում, ես չեմ կարողանում առանց հուզմունքի նայել։ Ինքս չեմ խաղում այդ ներկայացման մեջ, բայց ժամանակին շատ մեծ հպարտությաmբ ու երանությամբ էի նայում։ Հիմա ինչքան էլ նայում եմ, սարսափելի հուզվում եմ և տխրում։ Բայց ունենք խաղացանկում, որովհետև դա եղել է․․․Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, որ մենք այդ հաղթնակներն ունեցել ենք և, տա Աստված, մի օր նորից կունենանք։

-Վերջին 10-20 տարվա ընթացքում եղել են սերիալներ, որոնք իսկապես լավն են եղել, բայց հիմա տենդենցը ավելի շատ անկման է գնում, քան վերելքի։ Իսկ Ձեզ համար տեսանելի՞ է, որ սերիալների մակարդակը բարձրանալու փոխարեն ընկնում է։

-Իսկապես այդպես է։ Ես հիշում եմ, երբ նոր էին սկսել սերիալներ նկարել մեզ մոտ, և ինձ դեռ առաջարկում էին նկարահանվել, ավելի հետաքրքիր բաներ էին կատարվում, քան հիմա։ Հիմա, սակայն, սերիալների մի շարք է նկարահանվում՝ 10-15 մասից բաղկացած, որոնց մեջ մի քիչ ավելի լրջություն կա։ Իմ կարծիքով՝ խնդիրը հիմնականում սցենարի բացակայությունն է։ Դու չգիտես՝ քո խաղացած կերպարը ով է։ Շատ ռիսկային է դրա մեջ մտնելը, ես էլ, քանի որ այդ անորոշության մեջ չեմ կարող լինել, լուռ հեռանում եմ։

Սոս Սարգսյանը, երբ ողջ էր, նոր էին սկսվում սերիալ նկարել։ Այնպես չէ, որ ինքն արգելում էր նկարահանվել, ասում էր, իհարկե, պետք է նկարահանվեք, ով՝ եթե ոչ դուք։ Ասում էր՝ գնացեք, որ ձեր դերասանական խաղով, ձեր տեսակով բարձրացնենք այն։ Այ լավ դերասաները, այդ մեղմ ասած վատ սերիալներում, վատ սցերնարներում մեկ է լավացնում են որակը։

-Մասնագետներ էլ կան, որ ասում են լավ դերասանները վատ սերիալներում շատ խաղալուց հետո սկսում են ավելի ոչ պրոֆեսիոնալ խաղալ։

-Դա արդեն իրենց որոշումն ու նախընտրությունն է։ Շատերը նախընտրում են միանգամից ճանաչում ձեռք բերել, իսկ սերիալը դերասանին մեկ օրում կարող է ճանաչում բերել։ Ես խորապես համոզված եմ, որ այդ ճանաչումը մեկ օրում էլ կարող է վերանալ։ Հենց սերիալը վերջացավ, նույնիսկ այդ օրը կարող է այդ սերն ու ճանաչումը վերանալ, և դերասանը կարող է միանգամից մոռացվել։ Հեշտ տրվող և հեշտ կորսվող է այդ հաջողությունն ու ճանաչում։ Թատրոնում գուցե շատ ավելի դժվար է, ավելի քիչ քանակով հանդիսատես կա, բայց  հանդիսատես ես կերտում՝ քեզ համար սիրելի, քեզ սիրող մարդկանցից։ Ես շատ բարձր եմ գնահատում, երբ ճանաչելու դեպքում՝ ասում են, որ թատրոնից գիտեն։

-Խաղընկերների միջև հարաբերությունները որքանո՞վ են թատրոնում կարևոր։

-Ես միշտ ասում եմ, որ խաղընկերները փորձերի ընթացքում, նույնիսկ եթե կյանքում ընկերներ չեն, պետք է ընկերանան, պետք է շատ ժամանակ անցկացնեն միմյանց հետ, պետք է սուրճ խմեն իրար հետ, զրուցեն, միմյանց անձնական կյանքով հետաքրքրվենք, մեկ մյուսով ապրեն, որ բեմում օրգանիկ լինեն, և կարողանան դառնալ խաղընկեր։

-Իսկ ի՞նչ է կատարվում ետնաբեմում, և ի՞նչ աշխատանք է տարվում, որը մեզ համար տեսանելի չէ։

-Այ, որ դուք գալիս եք և 2 ժամ, վայելում եք ներկայացումը, այդ 2 ժամը մեզ համար 3 ամսվա տաժանակիր աշխատանք է արժենում՝ իսկապես տաժանակիր։ Եթե ֆանատիկ սիրով չսիրես թատրոնը, չնվիրվես, չես կարողանա այդ երկու ժամը պարգևել հանդիսատեսին։ Անքուն գիշերներ ենք ունենում, մեր փորձերը վերջանում են 1-ին, 1։30, թատրոնից դուրս ենք գալիս։ Հոգեբանական ճնշումներ, ֆիզիկական ծանր աշխատանք․․․Թվում է, թե ինչ կապ ունի չէ՞, դերը տվել են, բարձրացի, խաղա, բայց չէ՝ մերօրյա թատրոնը, շատ ուրիշ տեսակի փաթեթ է ներառում իր մեջ․ փաթեթի մեջ և՛ մարմինն է, և՛ խոսքն է, և՛ հոգին ու շարժուձևն են։ Մեր գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, լիարժեք շնչով է քայլում և ստեղծագործում, մեզ էլ իր հետ ներքաշում է այդ պրոցեսների մեջ։ Երբեմն, երբ ինչ-որ հանձնարարություն է տալիս և ասում է՝ բարձրացիր այն ամենաբարձր կետին նստիր, երբ ասում ես՝ չեմ կարող, վախենում եմ, ասում է, բայց դու թատերական ընդունվելուց ընտրել ես դերասանական բաժինը չէ՞, դե ուրեմն մնացածն ինձ չի հետաքրքրում։ Պետք է սիրենք աշխատանքը, որ դուք էլ գաք և վայելեք։

-Տաթև, որքան գիտեմ դուք Երևանում եք բնակվում, մեր քաղաքի խնդիրները Ձեզ անհանգստություն պատճառու՞մ են։

-Ընդհանուր ամեն ինչ երկրում շատ վատ է, այդ խնդիրները երբ լուծվեն նոր մնացածը կնկատեմ ։ Երանի գա այդ ժամանակը, երբ կկարողանամ բարձրաձայնել Երևանի, կամ թատրոնի խնդիրների մասին, կամ կխոսեմ թատրոնների պրոբլեմներից։ Շատ ավելի գլոբալ ու լուրջ կորուստեր ունենք, որոնց մասին պետք է խոսել, հոգալ և փորձել ինչ-որ բան անել։ 10 տարի առաջ կարելի էր խոսել երևանյան, կամ այլ խնդիրներից, բայց հիմա ամեն ինչ այդքան վատ է, որ մնացած խնդիրները չեմ էլ նկատում։ Շատ ավելի լուրջ ու խորն է մեր ցավը․․․

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը