26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի նախագահի մեկնաբանություններն ընկալվել են որպես «հայատյաց»

Վրաստանի նախագահի մեկնաբանություններն ընկալվել են որպես «հայատյաց»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունները դժգոհություն են առաջացրել սոցիալական մեդիաների հայկական հարթակներում, գրել է Eurasianet-ը։

Նա, դատապարտելով «Վրացական երազանքին» վերջին խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար, հոկտեմբերի 29-ին Associated Press-ին տված հարցազրույցում կուսակցության կողմից կիրառված իբր ոչ պատշաճ գործելաոճը որակել է որպես «հայկական կարուսել», որտեղ մեկ անհատ քվեարկում է մի քանի անգամ:

Սոցիալական մեդիայում այս մեկնաբանությունն անվանել են «այլատյաց» կամ «հայատյաց» և համարել, որ այն նսեմացնում է հայկական ժողովրդավարական պրակտիկան: Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների մեծամասնությունը այն շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են էթնիկ հայերով և ադրբեջանցիներով: Զուրաբիշվիլիի մեկնաբանություններն առաջին պլան են մղել նաև վրացական քաղաքականության էթնիկ ինքնության հարցը։

Թեկնածուի էթնիկ ծագման մասին լուրերի տարածումը կամ այլ կերպ ենթադրելը, որ նա բավականաչափ վրացի չէ, սովորական պրակտիկա է եղել վրացական քաղաքականության մեջ, որն օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից՝ նվազեցնելու իրենց քաղաքական հակառակորդների վարկանիշը վրացի մեծամասնությամբ ընտրողների աչքերում: Այդպիսի ամենահայտնի թիրախներից մեկը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, ով հանձնել է ԴՆԹ թեստ՝ «ապացուցելու» իր մաքուր վրացական ծագումը:

Վերջերս ընդդիմության առաջնորդ Մամուկա Խազարաձեին լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք նա թաքցնում է հայկական ծագումն, ինչը քաղաքական գործիչը հերքել է: Դա որակվել է որպես «հայատյաց»։ Ավելի ուշ նա մեկնաբանել է․ «Եթե իմ նախնիներից մեկը լիներ հայ կամ այլ եղբայրական ազգից, ես բացահայտ և հպարտորեն կճանաչեի դա»։