Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել ՔԿՀ-ից
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը ABCmedia-ի հետ զրույցում հաստատել է ՔԿԾ հանրային կապերի բաժնք պետ Նոնա Նավիկյանը։
2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:
2021թ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդուն՝ դատապարտելով 5,5 տարվա ազատազրկման, սակայն հաշվակցելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով։