06 Նոյ
2024
4° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը. ՀՅԴ Բյուրո

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը. ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով օգնության ձեռք մեկնել բարդագույն պաայմաններում գտնվող լիբանանահայերին։

Հայտարարությունում նշված է․

«2019-ի հոկտեմբերից սկսած Լիբանանի տագնապը նոր և վտանգավոր դրսևորումներով է ներկայանում այսօր:

2024-ի սեպտեմբերից ի վեր երկիրն անընդհատ ենթակա է հարձակումների, և Լիբանանում ամբողջապես տիրում է պատերազմական վիճակ:

Հարավային Լիբանանից՝ Բեյրութ և նրա հարավային արվարձանները, Բեքա, Բաալբեկ և բազմաթիվ այլ տարածքներ ենթարկվում են բազմաթիվ ռմբակոծումների: Զոհերի թիվը մինչև այսօր հասնում է շուրջ 3.000-ի, վիրավորներինը՝ 13.000-  ի: Ամբողջությամբ քանդվել են բնակելի շենքեր, այրվել հողատարածքներ: Ներքին գաղթականների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1.200.000: Գաղթականներն ապաստանում են համեմատաբար ավելի ապահով շրջաններում, Լիբանանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Բուրջ Համուդ, Այնճար և այլ հայաբնակ թաղամասեր: Հայ քաղաքացիները և հայկական շրջաններն մինչ օրս պատերազմից լուրջ վնաս չեն կրել:

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեն տեղում անմիջականորեն հետևում է երկրի կացությանը, քաղաքական, ռազմական և սոցիալական իրավիճակին. ազգային իշխանությունների, հայկական կուսակցությունների, ուղեկից միությունների, ինչպես նաև բարեգործական հաստատությունների հետ առկա մնայուն կապն ու գործակցությունը նպաստում են գաղութի անվտանգության պահպահմանը և գոյացած դժվարություններին լուծումներ գտնելու աշխատանքին:

Այդուհանդերձ, կացությունը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ, եթե նկատի ունենանք անմիջական քաղաքական լուծումների բացակայությունը: Այսինքն՝ դիմագրավում ենք լուրջ տագնապ:

Անհրաժեշտ է ամրապնդել անվտանգության աշխատանքը:

Անհրաժեշտ է բաց պահել մեր կրթական հաստատությունները:

Անհրաժեշտ է հասնել կարիքավորներին, որոնց թիվը, բնականաբար, կավելանա ժամանակի ընթացքում:

Մեր կազմակերպությունը՝ իր ակումբներով, գրասենյակներով և կառույցներով, ուղեկից միություններով (ՀՕՄ-ԼՕԽ, ՀՄԸՄ եւ Համազգային), աշխույժ աշխատանք տանելով հանդերձ, իր կարողությունների նվազագույն աստիճանին հասած լինելով, գոյատևելու լուրջ խնդիր ունի:

Ժողովուրդը սոցիալական և տնտեսական ծանրագույն պայմանների մեջ է: Գործատուներն ու առևտրական հաստատությունները փակված են կամ դիմագրավում են փակվելու վտանգը: Գործազրկությունն աճել է, ապրանքների, բնակարանների վարձերն անհամեմատ բարձրացել են, կենցաղային դրությունը գաղթականներերի առկայության պատճառով՝ բարդացել:

Չնայած այս վիճակին՝ անհրաժեշտ է ոտքի մնալ: Միասնաբար պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատևմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի:

Ավելորդ է մեկ անգամ ևս կրկնել, ընդհանրապես, միջինարևելյան և, մասնավորապես, Լիբանանի գաղութների համահայկական կարևորության մասին: Հետևաբար, ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը։

Այս նպատակով մեր մի շարք շրջաններում արդեն իսկ սկսվել է հանգանակություն. հանգանակություն շուտով կսկսվի նաև այլ շրջաններում: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը։

Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ»։