26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Stop COP 29»․ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները Գերմանիայում բողոքի ցույց են իրականացրել

«Stop COP 29»․ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները Գերմանիայում բողոքի ցույց են իրականացրել

«Stop COP 29»` կոչ են անում ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացման նախօրեին, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։

Կլիմայի փոփոխությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար, ամբողջ աշխարհին հուզող հարցերից մեկն է։ Այն դարձել է նաև գլոբալ առաջնորդների քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Կան պետություններ, որոնց ղեկավարները փորձում են «որսալ» պահը և մտնել կլիմայական օրակարգ՝ այն դարձնելով սեփական PR-ի (ճանաչելիության) գործիք, շեղելով հանրության ուշադրությունը սեփական հանցանքներից, բռնություններից ու ագրեսիվ գործողություններից։

Այսպես՝ Ադրբեջանը 2024 թվականի նոյեմբերի 11-ին ընդունելու է COP 29 կլիմայական 11-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են հազարավոր ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Ամենամյա այս միջոցառումների շարքը նպատակ ունի լուծումներ գտնել կլիմայական հրատապ խնդիրների համար։

Բաքվի ընտրությունը՝ որպես ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայական խոշոր միջոցառում հյուրընկալող երկիր, բազմաթիվ քննադատությունների պատճառ է դարձել։ Իրավապաշտպան կառույցները, միջազգային լրատվամիջոցները, բազմաթիվ քաղաքական գործիչներ տարակուսանք են հայտնել այս առթիվ։ Ըստ նրանց՝ ինչպե՞ս կարող են մի պետության վստահել այդպիսի գագաթնաժողովի անցկացումը, որի ղեկավարությունն էթնիկ զտման է ենթարկել Արցախը, հետապնդում է ընդդիմադիրներին, երկրում փակում է լրատվամիջոցները, սահմանափակում խոսքի ազատությունը։

Ադրբեջանում, բացի մարդու իրավունքների խնդիրներից, առկա են նաև բնապահպանական լրջագույն խնդիրներ։ Երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում հողի, օդի, ջրի աղտոտման դեմ, բայց երկրի իշխանությունները դրանց արձագանքում են բնակիչների նկատմամբ բռնությունների կիրառմամբ։

Իրավիճակից դժգոհ են նաև Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստներն, ովքեր քաղաքական հալածանքների են ենթարկվել։ Նրանք նշել են, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։ Ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։ Ցույցի մասնակիցները նշել են, որ անգամ գագաթնաժողովի անցկացման իրավունքն ստանալուց հետո երկրում որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել։

Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձերբակալել, բռնության ենթարկել ու հետապնդել ավելի մեծ թվով ընդդիմախոսների։

Ցույցի մասնակիցները նաև կոչով դիմել են COP 29-ին մասնակցող երկրների առաջնորդներին ու խորհրդարաններին, ինչպես նաև ՄԱԿ-ին ու Եվրոպական խորհրդարանին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատման գործում։

Բաքվում անցկացվելիք գագաթնաժողովը հեգնանք է կլիմայական խնդիրների նկատմամբ․ այն միտված է նավթադոլարների միջոցով Ալիևի հեղինակությունը պահպանելուն և Բաքվի հանցավոր գործողությունները քողարկելուն։