Ես կարծում եմ, որ կան խայտառակ ու ամոթալի էջեր, թե ինչպես են այդ մարդիկ գերության մեջ հայտնվել․ Ալավերդյան
Երկրորդ, թե երրորդ անգամ արդեն այս COP համաժողովներն ընթանում են ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից շեղվելով, որը փաստում են էկոակտիվիստները։ Սա հերթական շեղումն է․ այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Մի շարք փորձագետներ ցույց են տվել, որ Բաքվից ավելի ոչ հարիր տեղ գտնել հնարավոր չէր այդ կոնֆերանսի անցկացման համար։ Ցավոք սրտի, ես պետք է ասեմ, որ ՄԱԿ-ը տեղի է տալիս այդպիսի կոնյուկտուրային, այստեղ դժվար է նաև բացատրել բոլոր այն պետությունների դիրքորոշումը, որոնք համաձայնել են, որ այդ կոնֆերանսը լինի Բաքվում»,- ասել է նա։
Հայաստանը, Ադրբեջանը և Բուլղարիան կարող էին ընդունել այս տարվա COP-ը, սակայն Հայաստանն ինքնաբացարկ է ներկայացրել՝ համաձայնելով, որ համաժողովն անցկացվի Բաքվում։
«ՄԱԿ-ի համար երկար տարիներ խարան է լինելու, որ էկոլոգիական բոլոր տիպի նորմերը խախտող պետության մայրաքաղաքում, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականացնող երկրում է անցկացվում այս համաժողովը։ 1945 թվականից ի վեր ՄԱԿ-ի համար ամենախայտառակ էջերից է լինելու»,- ասել է Ալավերդյանը։
Խոսելով գերիների և Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին՝ Ալավերդյանը շեշտել է, որ մեր իշխանությունները ոչինչ չեն անում, հանրությունը պետք է գտնի այնպիսի պետություններ, որոնք կարող են դիմել ՄԱԿ-ում ինքնորոշման իրավունքով զբաղվող տարբեր կոմիտեների։
«Ես կարծում եմ, որ կան խայտառակ ու ամոթալի էջեր, թե ինչպես են այդ մարդիկ գերության մեջ հայտնվել։ Մենք դեռ պետք է ունենանք մանրակրկիտ ուսումնասիրություն և պարզաբանենք, որ այս պասիվությունը հիմք ունի, պետք է պարզել՝ ինչպես են այդ մարդիկ հայտնվել գերության մեջ»,- ասել է Ալավերդյանը։