24 Նոյ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաղորդավարը, նախկին կոնգրեսականն ու գործարարը կփրկեն Ամերիկան՝ ըստ Թրամփի

Հաղորդավարը, նախկին կոնգրեսականն ու գործարարը կփրկեն Ամերիկան՝ ըստ Թրամփի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոր վարչակազմում առաջադրել է Պենտագոնի ղեկավարին և ԿՀՎ տնօրենին, իսկ Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը կղեկավարեն գործարարներ Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին:

ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը կլինի ԱՄՆ բանակի վետերան և Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթը, իսկ ԿՀՎ-ն կգլխավորի Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը։ «Փիթը կոշտ է, խելացի և իսկապես հավատում է Ամերիկան առաջին տեղում դնելու գաղափարին», – նշվել է Թրամփի հայտարարության մեջ:

«Երբ Փիթը լինի Պենտագոնի ղեկին՝ Ամերիկայի թշնամիները կզգուշացվեն. մեր բանակը կրկին հզոր կլինի, և Ամերիկան երբեք չի նահանջի»,-ասել է Թրամփը:

Տեխասի նախկին կոնգրեսական Ռեթքլիֆի մասին Թրամփն ասել է, որ «նա միշտ եղել է ճշմարտության և ազնվության ջատագով»:

Թրամփը գործարար Իլոն Մասկին և Հանրապետական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամիին առաջարկել է համատեղ ղեկավարել ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE): «Այս երկու մեծ ամերիկացիները միասին ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ վերացնելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կարգավորումները, վատնվող ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները, որոնք էական նշանակություն ունեն «Փրկենք Ամերիկան» շարժման համար», – հայտարարել է Թրամփը:

Հայտնի է նաև, որ Մասկն ու Ռամասվամին այս աշխատանքը կիրականացնեն մինչև 2026 թվականի հուլիսը։ Անհասկանալի է, թե արդյոք դրանից հետո նրանց ժամկետները կավարտվե՞ն։