03 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է СOP29-ում Արցախն օկուպացնելու մասին Ալիևի ելույթը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է СOP29-ում Արցախն օկուպացնելու մասին Ալիևի ելույթը

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում (СOP29) «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման» մասին ելույթը, որտեղ նա խոսել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ պատերազմի մասին։

Իր խոսքում Ալիևը բողոքել է «արևմտյան կեղծ լրատվամիջոցներից», Ադրբեջանի գազային պաշարները անվանել «Աստծո պարգև» և պարծեցել Արցախի դեմ ռազմական հարձակման հաջողությամբ։

«Որպես անկախ ՀԿ՝ մենք պարտավոր ենք պատասխանել Ադրբեջանի նախագահին։ Հայկական հինավուրց տարածքի նկատմամբ ադրբեջանական «ինքնիշխանության վերականգնումը» ցեղասպանության միջոցով հակասում է միջազգային իրավունքին։ Այն ոչ միայն արդար չէ, այլև, ըստ միջազգային իրավունքի, անօրինական է»,- գրել է Լեմկինի ինստիտուտը:

Կազմակերպությունը նաև դատապարտել է COP29-ին մասնակցող և Արցախի ու Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի մասին լռություն պահպանած ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Ադրբեջանը միայնակ չի գործել. դա հնարավոր չէր լինի առանց Իսրայելի ռազմական օգնության և ԱՄՆ Պետդեպարտամենտի մեղսակցության ու հավանության։ Ալիևի ագրեսիան ուղղված է ոչ միայն հայերի, այլև սեփական քաղաքացիների դեմ: Ադրբեջանի կառավարությունը դաժանորեն ցրում է ցույցերը, խստորեն վերահսկում և գրաքննություն է իրականացնում ԶԼՄ-ների նկատմամբ, հետևում է համացանցում առկա քննադատություններին, բանտարկում է ակտիվիստներին, ընդդիմության առաջնորդներին և լրագրողներին, ինչպես նաև դաժան վերաբերմունք է ցուցաբերում բանտարկյալների նկատմամբ»,- ասված է հրապարակման մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ խտրականությունը, ռասիզմը և այլատյացությունը լայնորեն տարածված են Ադրբեջանում հատկապես թալիշների, լեզգիների, թաթերի և փոքրամասնությունների այլ համայնքների նկատմամբ, որոնց ստիպում են ձուլվել իրենց ինքնության խարանի պատճառով։