Փաշինյանը ցանկանում էր պաշտպանել իր քաղաքական թիկու՞նքը․ Deutsche Welle
Հայաստանի ղեկավարության կազմում լայնածավալ կադրային վերադասավորումները շատ փորձագետներ կապում են հասարակության աճող դժգոհությունների հետ, գրել է Deutsche Welle-ն։
Ոմանք դրանում են տեսնում Հայաստանի վարչապետի՝ իր քաղաքական թիկունքը պաշտպանելու ցանկությունը։ Հայաստանի կառավարությունում հնչեղ հրաժարականները հաջորդել են նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իրավապահների և դատական մարմինների աշխատանքի վերաբերյալ Փաշինյանի սուր քննադատությանը։
Հրաժարականների ֆոնին փորձագետներն ուշադրություն են հրավիրել մի մանրուքի վրա․ դրանցից քիչ առաջ Փաշինյանը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ սափրել է մորուքը՝ խորհրդանշական ժեստ, որը շատերը գնահատել են որպես նորի ազդանշան. քաղաքական փուլ, որը համընկել է կադրային լայնածավալ փոփոխությունների հետ։ Մի շարք լրատվամիջոցներ երկրի ղեկավարության կադրային լայնածավալ փոփոխությունները համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր նախապատրաստություն։ Փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից առաջ քաշված հիմնական վարկածը ևս հենց դա է։
Վերջինս էլ հանգում է նրան, որ իշխանությունները ցանկանում են կտրուկ գործողություններով պատասխանել մարդկանց դժգոհությանն իրավապահ և դատական համակարգերի արդյունավետությունից։