24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարության կողմից ժամկետային ծառայության ժամկետի կրճատման հայեցակարգը պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով․ Աբրահամյան

Կառավարության կողմից ժամկետային ծառայության ժամկետի կրճատման հայեցակարգը պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով․ Աբրահամյան

Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով՝ դրա առաջին մասում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճին, պետք է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը:

Հայեցակարգում նշվում է, որ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով, հիմնականում` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով և որպես ժամկետ է սահմանված 2027 թվականը:

Պատգամավորը, սակայն, ընդգծում է, որ ներկայումս մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլև այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է:

«Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:

Այս միտումների ու տեմպի պարագայում, պետությունը մինչև 2027 թվականը ժամկետային ծառայությունը կրճատելու որևէ հնարավորություն ոչ միայն չի ունենալու, այլև ենթադրաբար նոր՝ խոշոր ռեսուրսներ պետք է ուղղի՝ համալրման խնդիրը ինչ-որ ձևով լուծելու ուղղությամբ»:

Աբրահամյանի դիտարկմամբ, իշխանությունը հայեցակարգում այսպիսի ուղենիշ է սահմանել, հիմքում ունենալով 2 նպատակ․

«Առաջին, սա ունի նախընտրական համատեքստ և նախատեսված է 2026 թվականի ընտրությունների ժամանակ որպես հանրային առումով զգայուն հարց շահարկման դնելու համար, ինչպես արեց 2021 թվականին, ինչը, անշուշտ, հնարավոր չի լինի իրագործել:

Երկրորդ, առավել վատ վարկածս կապված է Ադրբեջանի` ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջի հետ, ինչը ենթադրում է սպառազինության, զինտեխնիկայի և բանակի թվակազմի անգամներով կրճատում:

Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը «Խաղաղության պայմանագիր» կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու»: