26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի  դատախազությունը Ռուբեն Վարդանյանի  միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու

Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու, ամերիկացի հայտնի իրավաբան  Ջարեդ Գենսերի  հետ:

Չնայած լրագրողի կողմնակալ հարցադրումներին՝ փաստաբանը մի շարք կարևոր ուղերձներ է հնչեցրել հարցազրույցի ընթացքում:

Լրագրողի այն հարցին, թե  ինչ փաստերի ու ապացույցների հիման վրա էր Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում  ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին, երբ Ադրբեջանի կառավարությունը հերքում է խոշտանգումների մասին պնդումները,  Ջարեդ Գենսերը  պատասխանել է, որ ՄԱԿ-ի զեկուցողին ուղղված  20 էջանոց նամակը  հասանելի է հանրությանը և իրենք ևս կարող են ծանոթանալ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կառավարության պնդումներին, փաստաբանը նշել է, որ նրանք ստում են:

«Ադրբեջանի կառավարությունում ոչ միայն իրենց, այլև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անունից են հայտարարում, թե  Ռուբեն Վարդանյանը  խոշտանգումների չի ենթարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ դա սուտ է: Սուտ է, քանի որ ԿԽՄԿ-ն ողջ աշխարհում աշխատում է նույն սկզբունքով՝  երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ  կոնֆիդենցիալ չի հայտնում  արդյոք անձը ենթարկվել է  խոշտանգումների, թե ոչ: Դա միակ եղանակն է, որ երաշխավորում է նրանց մուտքը տվյալ երկիր:

Մասնագիտական գործունեությանս ընթացքում ավելի քան 50  քաղբանտարկյալի գործ եմ ունեցել և ԿԽՄԿ-ի նման հայտարարության երբեք չեմ հանդիպել:

Այդ դեպքում, ինչո՞ւ նրանք չեն հրապարակում նամակը, որն իբր ստացել են ԿԽՄԿ-ից:  Ավելի քան  100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի: Եթե Վարդանյանին իսկապես չեն խոշտանգել, ապա արդարանալու կամ թաքցնելու բան չունեն: Սակայն նրանք անամոթաբար կեղծ տեղեկություն են տարածում Կոմիտեի անունից»,- ընդգծել է փաստաբանը:

Ջարեդ Գենսերը  հայտարարել է, որ իր  պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի հետ որևէ տեսակ կապ հաստատելու հնարավորություն չունի:

«Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան  Ջարեդ Գենսերին  թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։

Ինձ չի թույլատրվում  այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝  իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական  և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ որպես միջազգային փաստաբան, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»:

Լրագրողը հարցրել է, թե ով է մերժել նրա մուտքը Բաքու: «Մենք դիմել ենք դատախազություն և թույտվություն խնդրել: Այն մերժվել է»,-նշել է Ջարեդ Գենսերը: