ՌԴ-ն անընդհատ ստիպված է պատասխանել ԱՄՆ-ի կողմից հրահրվող աննախադեպ էսկալացիային․ Պեսկով
Ռուսաստանն անընդհատ ստիպված է լինում պատասխանել աննախադեպ էսկալացիային, որը հրահրում է հեռացող ամերիկյան վարչակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինի մասին։
«ՌԴ նախագահ Պուտինը ստիպված է պատասխանել այն աննախադեպ էսկալացիային, որն առաջին հերթին հրահրում է Վաշինգտոնի հեռացող վարչակազմը։ Դա ստիպված ենք անել անընդհատ», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամեն անգամ ավելի անխոհեմ քայլեր է անում՝ լարվածություն հրահրելով Ուկրաինայի հակամարտության շուրջ։
Պեսկովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի միջուկային դոկտրինի նորացման մասին ՌԴ նախագահի հրամանագիրը կարելի է գնահատել որպես ազդանշան Արևմուտքին:
«Անշուշտ, այստեղ ոչ մի պատահականություն չկա։ Կա որոշակի օրինաչափություն», – ասել է նա։