29 Դեկ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից և եվրոպական բոլոր դրամաշնորհներից մինչև 2028 թվականի ավարտը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից և եվրոպական բոլոր դրամաշնորհներից մինչև 2028 թվականի ավարտը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո։ Մի քանի ժամ առաջ նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել Կոբախիձեի գլխավորած թարմացված կառավարությանը։

«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը: Մենք նաև հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից մինչև 2028 թվականի վերջը», – ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք, ինչպես դա եղավ երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն ընդգծել է, որ կտրականապես անընդունելի է Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը որպես ողորմություն մոտենալը։