Ոչ ոք չի պատրաստվում համակերպվել Վրաստանի «ռուսաֆիկացման» հետ․ Սալոմե Զուրաբիշվիլի
«Ոչ ոք չի պատրաստվում համակերպվել Վրաստանի ռուսաֆիկացման հետ, այն Վրաստանի հետ, որից խլել են Սահմանադրությունը, Վրաստանի հետ, որն ունի ոչ լեգիտիմ խորհրդարան և կառավարություն»: Այս մասին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է հատուկ տեսաուղերձում։
Նա միաժամանակ և ինքնաբուխ բռնկված գործողություններն անվանել է «աննախադեպ»: Նա դիմել է իրավապահ մարմիններին՝ հիշեցնելով, որ նրանք են պատասխանատու կատարվածի համար, կոչ է արել կատարել իրենց պարտավորությունները և չհարձակվել քաղաքացիների վրա։
Նախագահը դիմել է նաև սփյուռքին՝ շնորհակալություն հայտնելով համերաշխության համար։ Նրա խոսքով, արտերկրում իրականացված գործողությունների արդյունքը եղել է ԱԳՆ 135 աշխատակիցների հայտարարությունները։
Նա նաև նշել է, որ իրենց բողոքն են հայտնել ՊՆ 40-ից ավելի աշխատակիցներ, կրթության ոլորտի 450 ներկայացուցիչներ, 17 դատավորներ, արդարադատության նախարարության 100-ից ավելի աշխատակիցներ, Աջարիայի հանրային հեռուստատեսության 40-ից ավելի աշխատակիցներ և այլն։
Ուղերձի վերջում նախագահը հիշեցրել է, որ նոյեմբերի 28-ի հանրահավաքի ժամանակ բերման է ենթարկվել 43 մարդ։ Նա վրաց հասարակությանը կոչ է արել չմոռանալ նրանց մասին՝ հավելելով, որ ինքն անձամբ պատասխանատու է զգում նրանց ճակատագրի համար։
Զուրաբիշվիլիի խոսքերով՝ նա նաև հավատարիմ է մնում ողջ երկիրը ընդգրկած բողոքի ակցիային.
«Դիմադրության շարժումը սկսվել է, սկսվել է ձեր կողմից՝ առանց որևէ մեկի ցուցումների կամ խնդրանքի»։
Նախագահն ընդգծել է, որ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի հասել իր նպատակին՝ վերադառնալ եվրոպական ուղի և հասնել նոր ընտրությունների։