Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը. Կոբախիձե
Վրաստանի վարչապետը նշել է, որ դեկտեմբերի 29-ին Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի դուրս գալ նախագահական նստավայրից ու այն զիջել լեգիտիմ ընտրված նախագահին։ Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի գործող նախագահը հայտարարել էր, թե չի հեռանալու պաշտոնից։ Նա նշել էր, թե նոր նախագահ կլինի երկրում, եթե տեղի ունենա նոր խորհրդարանական ընտրություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ բացառում է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, գրում է Sputnik Грузия-ն։։
Նա նշել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը՝ նախագահական պալատը, չնայած հրաժարվում է իր մանդատի ավարտից հետո հրաժարական տալ։
«Տիկին Զուրաբիշվիլիին մնացել է չորս ուրբաթ, նա չի կարողանում դրա հետ հաշտվել: Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը։ Չնայած դրան՝ դեկտեմբերի 29-ին նա ստիպված կլինի դուրս գալ նստավայրից ու այն զիջել լեգիտիմ ընտրված նախագահին: Նա պարտվել է հոկտեմբերի 26-ի ընտրություններում: Զուրաբիշվիլին պայքարում էր, որպեսզի արմատական ընդդիմությունը հաղթեր խորհրդարանական ընտրություններում և ինքը երաշխիքներ ստանար պաշտոնավարումը շարունակելու համար, բայց նա ծանր պարտություն կրեց»,-ասել է նա։
Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։
Վրաստանում բողոքի ակցիաներ են սկսվել նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Կոբախիձեն հայտարարեց՝ մինչև 2028 թվականը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները կդադարեցվեն։