27 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերիների մասին պայմանավորվածության նպատակը խաղաղության փաստաթղթի ստորագրման ընթացքն արագացնելն է․ Օհանյան

Գերիների մասին պայմանավորվածության նպատակը խաղաղության փաստաթղթի ստորագրման ընթացքն արագացնելն է․ Օհանյան

Աժ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գերիների վերադարձի մասին հայտարարությանը, վստահեցրեց՝ բոլորի ցանկությունն է, որ գերիները՝ հատկապես Արցախի հանրապետության ռազմաքաղաքական
ղեկավարությունը, վերադառնա։

«Ակնհայտ է, որ գերիների վերադարձի խնդիրը նաև ներառված է եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթում և մինչև հիմա, կարելի է ասել, ձախողվել
է։ Հայաստանում ժամանակին չի գործել գերիների, անհետ կորածների, պատանդների վերադարձի
համապատասխան հանձնաժողով, որը պետք է համադրված աշխատանք կատարեր »,- նշեց Օհանյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ գերիների մասին երկուստեք հայտարարությունները խոսում են պայմանավորվածության մասին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ժեստը կատարել, որպեսզի խաղաղության համապատասխան փաստաթղթի կամ երկու երկրների հարաբերությունների ձևավորման ընթացքին արագություն հաղորդվի»,-նշեց նա։

 Խմբակցության պատգամավոր

Արթուր Խաչատրյանն էլ իր հերթին անդրադառնալով գերիների վերադարձի մասին հայտարարությանը, նշեց․

«Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, խախտելով այդ համաձայնությունը, հայ զինվորներ է գերեվարում։ Միջազգային կազմակերպությունների,
տարբեր երկրների ղեկավարների կոչը արհամարում է։ Ապօրինի գերեվարված մարդկանց փոխանակում է երկու հանցագործի հետ, դրանից բացի՝ քաղաքական զիջում է պահանջում Հայաստանից, և դա ցույց է տալիս որպես բարեգթության ժեստ։ Այստեղ ինչ-որ մարդիկ նույն երգն են երգում, թե իբր՝ տեսեք, մենք Ադրբեջանից կարողացանք ժեստ պոկել, Ադրբեջանը զիջման գնաց, նշանակում
է՝ մենք իրենց հետ կարող ենք խաղաղություն կնքել»։

Խաչատրյանն ասում է, որ 7 օր է անցել հայտարարությունից, հրապարակվել են գերիների անունները, բայց․․․ապարդյուն։

«Պատկերացնում եք չէ՞ այդ մարդկանց, նրանց ընտանիքների վիճակը։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց
առաջ, պետք է լինի այդ համաձայնության ապահովման երաշխիք, որովհետև եթե նայենք մինչև
Փաշինյանը՝ բանակցվող փաստաթղթերում կար այդ երաշխքիների իսնտիտուտը»,- ասաց պատգամավորը։