Ընդդիմության հետ բանակցություններ չեն լինի. Կոբախիձե
Վրաստանի իշխանությունները բացառում են ընդդիմության հետ բանակցությունները, քանի դեռ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ոչ մի բանակցություն։ Հիշում ենք 2021 թվականի բանակցությունները, պարտադրված բանակցությունները, այնուհետև մեզ ստիպեցին դուրս գալ սահմանադրական շրջանակներից։ Իհարկե այսօր ընդդիմությունը նման ռեսուրսներ չունի», – հայտարարել է Կոբախիձեն:
Ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը, այդ թվում՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, պնդելով, որ կեղծիքներ են եղել։ Բոյկոտը դադարեցվեց իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 19-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ համաձայնագիր կնքելուց մի քանի ամիս անց։
Այդ համաձայնագիրը, ինչպես հայտարարեցին իշխանությունները, ուներ երեք նպատակ՝ ընդդիմությանը դատարանի վրա ազդելու հնարավորություն տալ, ապահովել ընդդիմության վերահսկողությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Վարչապետի խոսքով` այս անգամ Վրաստանի իշխանությունները համաձայն են միայն հանրային քննարկումների գնալ ընդդիմախոսների հետ։
«Ինչպես տեսանք, որոշակի մարդկանց կողմից հետաքրքրություն կա։ Եվ առաջիկայում` օրերս, պատրաստ ենք նրանց հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպել»,- ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով` ի տարբերություն քննարկումների, բանակցությունների համար այսօր որևէ հիմք չկա։
«Ներքին գործերի նախարարությունը, չնայած ցուցարարների կողմից բազմաթիվ վիրավորանքներին և ոստիկանների վրա հարձակումներին, այս օրերին ամերիկյան և եվրոպական չափանիշներից լավ է կառավարել գործընթացները»,- նշել է Կոբախիձեն։
Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների առանձին դեպքերի վերաբերյալ և նշել, որ այդ ամենը կհետաքննվի։
Հիշեցնենք, որ Վրաստանում չի հանդարտվում բողոքի ալիքը, որն առաջացել է իշխանությունների այն որոշումից հետո, որ մինչև 2028 թվականը օրակարգից հանում են ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։