Զելենսկին ազդարարում է, որ բաց է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար․ WSJ
Կիևին 2025 թվականին անհրաժեշտ կլինի մոտ 126 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ ռուսական բանակի դեմ պայքարը շարունակելու համար, գրել է WSJ-ն։
Նոր ծախսերը կարող են չափազանց բարձր լինել արևմտյան երկրների համար, որպեսզի նրանք դա «քաղաքականորեն մարսեն», հատկապես, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետևի Ուկրաինային ամերիկյան օգնությունը դադարեցնելու իր սպառնալիքներին:
Ըստ հոդվածի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աստիճանաբար փոխում է իր հռետորաբանությունը հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ՝ ակնարկելով, որ Ուկրաինան «պատրաստ է դադարեցնել տարածքները վերադարձնելու պայքարը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց»։
Սակայն Զելենսկիի այս գաղափարի ճանապարհին կա խոչընդոտ. մոտ ապագայում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունները մնում են աննշան։ Ինչպես նշվել է, Ուկրաինայի նախագահի հռետորաբանության փոփոխությունն արտացոլում է ուկրաինացիների աճող հոգնածությունը հակամարտությունից. «Առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևը չի ունենա անվտանգության իրական երաշխիքներ և կապիտուլյացիայի է ենթարկվելու Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած բանակցություններում», – գրել է WSJ-ն՝ հավելելով, որ արևմտյան շատ պաշտոնյաներ թերահավատորեն են վերաբերվում, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ, մինչ Ռուսաստանը առաջընթաց է գրանցում մարտի դաշտում։