04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կորեայում արտակարգ ռազմական դրություն է հայտարարվել

Հարավային Կորեայում արտակարգ ռազմական դրություն է հայտարարվել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին՝ ԿԺԴՀ-ի կողմնակիցներին հակազդելու և պետական ​​համակարգը պաշտպանելու համար. տեղեկացնում է Yonhap գործակալությունը։

«Ես հայտարարում եմ ռազմական դրություն՝ արմատախիլ անելու հյուսիսկորեամետ ուժերին և պաշտպանելու ազատ սահմանադրական կարգը», – ասել է պետության ղեկավարը հեռուստատեսային ուղերձում։

Նախագահը ընդդիմության վերջին գործողությունները, ինչպիսիք են Հաշվիչ պալատի ղեկավարի իմպիչմենտը և բյուջեի անկախ հաստատումը, անվանել է «ապստամբության նպատակով դավադրություն» և «ակնհայտ հակապետական ​​գործողություններ»:

«Այս արտակարգ իրավիճակի միջոցով մենք կվերականգնենք և կպաշտպանենք ազատ Կորեայի Հանրապետությունը, որը գտնվում է աղետի եզրին»,-ասել է երկրի ղեկավարը։

Յուն Սեոկ Յոլն ընդգծել է, որ այս քայլը թելադրված է բացառապես Հարավային Կորեան որպես ազատ պետություն պահպանելու անհրաժեշտությամբ։ Նա նաև նշել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը՝ հիմնված միջազգային պարտավորությունների կատարման և գլոբալ գործերին ակտիվ մասնակցության վրա, կմնա անփոփոխ։

«Որպես պետության ղեկավար՝ ես ձեզ կոչ եմ անում աջակցել ինձ։ Ես լիովին ապավինում եմ ժողովրդին և պատրաստ եմ տալ իմ ամբողջ ուժը՝ պաշտպանելու ազատ Կորեայի Հանրապետությունը։ Վստահե՛ք ինձ»,- եզրափակել է նախագահը։

Իր հերթին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ի ցերեկը հանդիպում է անցկացրել հիմնական ռազմական հրամանատարների հետ և կարգադրել ուժեղացնել զգոնությունն ու անվտանգության միջոցառումները ողջ բանակում։

Պետության ղեկավարը ռազմական դրության հրամանատար է նշանակել հարավկորեական բանակի շտաբի պետ, գեներալ Պակ Ան Սուին։ Նա անմիջապես հայտարարել է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքի դադարեցման մասին։

«Բոլոր լրատվամիջոցները և հրատարակչությունները կգտնվեն ռազմական դրության հրամանատարության հսկողության ներքո»-հայտարարել է գեներալը։