ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Վրաստանին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան Ռուֆաթ Սաֆարովին կալանավորելու մասին տեղեկություններով։
«Մենք ուշադիր հետևում ենք այս դեպքին։ Հրամայական է, որ իրավապաշտպաններն ամենուր կարողանան իրենց աշխատանքը կատարել անարգել և ազատ՝ առանց վախենալու հատուցումից: Եվ մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց և դադարեցնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպանների և լրագրողների դեմ ճնշումները», – հայտարարել է Պատելը։
Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և ոստիկանության հետ բախումներին՝ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացի ցուցարարների նկատմամբ, ովքեր ձգտում են օգտվել խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրենց իրավունքներից՝ ներառյալ խաղաղ բողոքի ցույց անելունը։
«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է լրագրողների կալանավորման և նրանց նկատմամբ ուժի կիրառման մասին հաղորդումներով։ Ազատ մամուլը, մեր կարծիքով, ժողովրդավարական համակարգի հիմնաքարն է: Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին ապահովել բողոքի ակցիաների խաղաղ բնույթը, և մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը խստորեն հարգել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները», – ընդգծել է Պատելը: