05 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քեզ անվերջ կռացնում են, քեզ անվերջ ցեղասպանում են, և դու անհասկանալիորեն ուզում ես մոռանալ այդ ամենը․ Աննա Մայիլյան

Քեզ անվերջ կռացնում են, քեզ անվերջ ցեղասպանում են, և դու անհասկանալիորեն ուզում ես մոռանալ այդ ամենը․ Աննա Մայիլյան

Երգչուհի Աննա Մայիլյանը հպարտ է, որ պարբերաբար ներկայացնում է հայ երգը աշխարհի տարբեր բեմերում։ Երգչուհին իրեն մեր երկրի մշակութային դեսպաններից մեկն է համարում։ Իր բնորոշմամբ՝ մեր տիեզերական երաժշտությունն արժանանում է բոլորի հիացմունքին և ակնածանքին, մինչդեռ մեր երկրում կարծես ստիպված ենք պայքարել սեփական մշակույթի համար։

-Դուք երբեք չեք խուսափել դիրքորոշում արտահայտել՝ դա տեսակի հարց է, թե իրավիճակն է թելադրում։

-Այսօր յուրաքանչյուրս կարծես մի մեծ բեռ ենք վերցնում մեզ վրա՝ լինելու ամեն ինչ, բացի մեր մասնագիտությունից։ Յուրաքանչյուր ոլորտի մեջ կարծես անցանկալիորեն մտած լինենք՝ մանավանդ քաղաքականության։ Ես հայ քաղաքացի եմ, ես մտահոգ եմ իմ Հայրենիքի համար՝ չեմ կարող մտահոգ չլինել։ Այդ ինչ տեսակի անջատումներ պետք է լինեն մարդու մոտ, որ մտահոգ չլինի։ Երբ մտահոգ ես լինում կողքից ասում են քաղաքականությամբ մի զբաղվիր։ Ի՞նչ քաղաքականություն, ես պարզապես տեսնում եմ, թե իմ հայրենիքը ինչ վատ վիճակում է և չեմ կարողանում լռել․․․ Հիմա էլ այդ 100 դրամների պատմությունը, որով զբաղեցնում են մեր ժողովրդին։ Ես կարծում եմ դա խնդիր չի, այդ հարցը կարելի է հեշտ լուծել, բայց դա դարձել է կենցաղային մանր խնդիր, որպեսզի մարդիկ մխրճվեն այդ մանր խնդրի մեջ։ Ինչպե՞ս կարելի է այս ստեղծագործ, այս փայլուն մտքի տեր, այսպիսի մշակույթ ունեցող ժողովրդին իջեցնել 100 դրամի պատմությունների մեջ։ Ես պարզապես կոչ եմ անում իմ հայրենակիցներին այդ աստիճանի չիջնել։

-Դուք հավատու՞մ եք մոտալուտ խաղաղությանը։

-Խաղաղություն չի կարող լինել, երբ դու հարցերը չլուծած, նետվում ես էլ ավելի խորը փոսի մեջ, և ամենակարևորը՝ նման հարևանության պարագայում, երբ չափազանց տարբեր են մտածելակերպերը, մշակույթները, հնարավոր չի հասնել խաղաղության։ Քեզ անվերջ կռացնում են, քեզ անվերջ ցեղասպանում են, և դու անհասկանալիորեն ուզում ես մոռանալ, որ ցեղասպանվել ես՝ չի կարող լինել խաղաղություն։

Կյանքը աստվածային պարգև է, և մենք պետք է ապրենք՝ այլ հարց է ապրել արժանապատվորեն, թե՞ սողալով, որ քո մասին չլսեն, չտեսնեն՝ ապրել հանգիստ՝ խաշ, խորոված, տաշի տուշիով։ Ամեն մեկն ընտրում է իր ապրելաձևը․ մեկը դա է ընտրում, իսկ մարդիկ ովքեր անտարբեր չեն, ում համար արժեհամակարգը կարևոր է, գենետիկան է կարևոր, պատմությունն է կարևոր, և նա կրում է իր մեջ այդ պատմությունը՝ նա չի կարողանում մոռանալ։ Եթե դու պահանջատեր չես և ասում ես դե լավ անցյալում ինչ եղել եղել է՝ դա կրկնվելու է և վերջերս մենք դրա ականատեսը եղանք։ Եվ ես մեր փայլուն 5000 երիտասարդների սպանությունը համարում եմ ցեղասպանություն։ Չեմ կարող ասել, որ պարզապես զոհվել են կռվի դաշտում, որովհետև, եթե կարելի էր զերծ մնալ այդ կոտորածից, ուրեմն իրենք ցեղասպանվել են։

Դե դա հայտնի փաստ է, երբ դիվանագետները չեն հաջողում՝ պատերազմ է սկսվում։

Մենք՝ մշակույթի գործիչները, դուք՝ լրագրողներդ, ամեն մեկս փորձում ենք մեր գործը անել։ Մեր գործը չի դիվանագիտությունը, չնայած ես երբեմն իմ մասնագիտությունը համարում եմ դիվանագիտական մասնագիտություն՝ դա մշակութային դիվանագիտություն է, որը շատ մեծ դեր է կատարում։ Բայց մեր գործը հայրենիքին մեր աշխատանքով ծառայելն է։

Ինչու՞ իսկական հայկական մշակույթը լայն ճանաչում չունի մեր երկրում։ Մեր երգերը քիչ են երգվում, մեր ճարտարապետությանը ծանոթ չեն դրանցով միայն մի նեղ շերտ է ապրում։

-Կոմիտասը ինչու՞ է այդ երգերը այդքան գրի առել, որ մնան փոշու տա՞կ, ո՛չ դրանք պետք է լինեն ժողովրդինը, այլ հարց է, թե ինչ տեսք պետք է դա ունենա, ինչ ճաշակի մեջ պետք է լինի, ինչպես պետք է մատուցվի։ Նույն պարեղանակները, հարսանեկան երգերը, շատ-շատ են պարզապես պետք է դրանք գործիքավորել։ Երգերի մի մեծ բլոկ կարելի է օգտագործել, այլ հարց է, որ տեղեկություններ քիչ ունեն, անգամ երաժիշտը կարող է դա չիմանալ, հարսանքավորները կարող են չիմանալ, չէ որ իրենք էլ պետք է այդ մշակույթի մեջ մեծացած լինեն, որ դա իրենց պետք լինի, որ պահաջեն իրենց հարսանիքին այդ երաժշտությունը հնչի։

Ինչպիսի իրավիճակ է հիմա կոնսերվատորիայում և մտավախություն չունե՞ք, որ այդ զարգացումները այլ տեղ են տանում։

-Վախը ամենավատ զգացողությունն է, որ կարող է լինել։ Որովհետև Աստված մեզ ստեղծել է, և ասել է, որ մեզ հետ է, ոչ մի բանից չպետք է վախենալ։ Փլված կոնսերվատորիայում ենք աշխատում՝ անելանելի պայմաններում, Աստված գիտի վերանորոգումը երբ կավարտվի, ու կավարտվի թե ոչ։ Ոչինչ չգիտենք․․․Մեզ ոչինչ չի ասվում։ Աշխատանքը, սակայն, շարունակվում է․ արվում են համերգներ, տարբեր ծրագրեր, վարպետաց դասեր և այլն։ Ուսանողները, դասախոսները օր ու գիշեր աշխատում են։

-Ինչպե՞ս պետք է շտկել այդ իրավիճակը և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

-Սեր․․․նաև արժանապատվություն և սրտացավություն՝ այդքան բան․․․

Չի կարելի այսպես ապրել, ամոթ է․․․Այո, այսօրվա մեր ապրելակերպը ամոթալի է։ Հայ մարդը այսպես չպետք է ապրի։ Այս ամենը նաև մեր մեղքերի պատճառով է։ Ուրացումը, սեփական արժեքները չգնահատելը բերում է հենց այս նվաստ վիճակին։ Ինչու՞ պետք է օտար մարդը ավելի արժևորի մեր մշակույթը, քան մենք․․․Ինչու պետք է իտալացին գա Իտալիայից, որպեսզի մեր եկեղեցիները վերանորոգի։ Ես խոնարհվում եմ իրենց առջև, դա ուրիշ հարց է, բայց ինչո՞ւ մենք չգիտենք ինչպես վերանորոգել մեր եկեղեցիները։

-Ինչպե՞ս պետք է հաղթանակների ուղին բռնենք և այս պարտությունների շրջանակից դուրս գանք։

Երբ ես խոսում եմ հոգևորի մասին, դա չի սահմանափակվում միայն կրոնական շրջանակներով։ Եթե մենք՝ թեկուզ այս փոքրիկ տարածքով եկել հասել ենք այս ժամանակներ, դա նշանակում է, որ ինչ-որ հետաքրքիր տիեզերական կապ կա, և ինչ-որ առաքելություն կա, որ մենք դեռ չենք կատարում։ Անընդհատ պատժվում ենք, այս փոքր կետին ենք հասել, ինչ-որ մի օր պետք է ասենք, Աստված ջան ուզում եմ հավատարիմ լինել քեզ․․․

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը