29 Դեկ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ուրախ եմ պաշտպանել քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին». միջազգային անդրադարձն ադրեջանցի իրավապաշտպանի ձերբակալությանը

«Ուրախ եմ պաշտպանել քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին». միջազգային անդրադարձն ադրեջանցի իրավապաշտպանի ձերբակալությանը

Amnesty International միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը, արձագանքելով ադրբեջանցի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի ձերբակալությանը, հայտարարել է.

«Ռուֆաթ Սաֆարովի ձերբակալությունը շինծու խարդախության և խուլիգանության մեղադրանքով Ադրբեջանի իշխանությունների՝ երկրում այլախոհների ձայները լռեցնելու անողոք ջանքերի ևս մեկ վառ օրինակ է: Ռուֆաթ Սաֆարովի կամայական կալանավորումը կոչված է խաթարելու մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը, խոչընդոտելու երկրում մարդու իրավունքների իրավիճակի մոնիթորինգին և վախեցնելու բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ճշմարտությունն ասել իշխանությանը: Պատահական չէ, որ դա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը դուրս եկավ COP29-ի միջազգային ուշադրության կենտրոնից»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Ռուֆաթ Սաֆարովին, քանի որ նա կալանավորված է բացառապես իր իրավունքների խաղաղ իրականացման համար։ «Իրավապաշտպանների և կառավարության քննադատների հետապնդումները քայքայում են արդարադատության սկզբունքները և խարխլում մարդու իրավունքների միջազգային չափանիշները», – նշել է Ստրութերսը:

Reuters-ը գրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է արևմտյան դեսպանների կողմից երկրի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ քննադատությունը՝ նշելով, որ «դիվանագետների մեկնաբանությունները միջամտություն են երկրի դատական ​​համակարգին»:

Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Շվեյցարիայի դեսպանները մեկնաբանություններ են արել Բաքվում կայացած միջոցառման ժամանակ՝ անդրադառնալով լրագրողների և քաղաքական ակտիվիստների կալանավորմանը:

Eurasianet-ը, իր հերթին, գրել է, որ Ռուֆաթ Սաֆարովը դեկտեմբերին պետք է մեկներ Միացյալ Նահանգներ՝ ընդունելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի համաշխարհային մրցանակը:

«Ի սկզբանե ցանկանում եմ հայտարարել, որ մեղադրանքը լիովին զրպարտչական է և կապված է իմ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ», – հայտարարել է Սաֆարովն իր ընկերների միջոցով փոխանցված և սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում։ «Ուրախ եմ պաշտպանել քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին», – ընդգծել է նա:

Մարդու իրավունքների նշանավոր պաշտպան Ռուֆաթ Սաֆարովը բերման է ենթարկվել դեկտեմբերի 3-ի երեկոյան։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկրի Քրեական օրենսգրքի 178.3.2 (խարդախությամբ էական վնաս պատճառելու) և 221.1 (խուլիգանությա) հոդվածներով։ Եթե ​​նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։