Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում Մակուչյանը և Մինասյանը Ադրբեջանի դեմ գործով հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ Նախարարների կոմիտեի լրատվական ծառայությունը։
2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձեց սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին։ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Ադրբեջան տեղափոխվելուց հետո նրան ներում շնորհվեց, նա պարգևատրվեց, և նրան տրվեցին նյութական և պաշտոնական արտոնություններ։
Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․
ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Պահանջվել է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներումի մասին նամակները հեռացվել են։
Կոմիտեն հիշեցրել է, որ նման ծանր հանցագործությունների մեղավորները պետք է զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Կրկին պահանջվել է հստակեցնել Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։
Կոմիտեն ընդգծել է, որ ապագայում նման գործողությունները պետք է բացառվեն, իսկ նման հանցագործությունների հանդեպ ներումներ և արտոնություններ տրամադրելիս պետք է պահպանվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները։
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։
Կոմիտեն պահանջել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականի հունիսին կայանալիք նիստից առաջ ներկայացնեն մանրամասն հաշվետվություն գործով կատարված առաջընթացի մասին։
Անհատական միջոցների չկատարման դեպքում ԵԽ-ն նախատեսվում է ընդունել միջանկյալ բանաձև՝ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու նպատակով։