Եվրոպան բախվում է պաշտպանական ծախսերի լուրջ մարտահրավերների․ միջազգային մամուլ
Ֆրանսիայում կառավարության լուծարումը սպառնում է հանրապետության պաշտպանական ծրագրերին և կապալառուների հետ հարաբերություններին՝ 2025 թվականի չհաստատված բյուջեի պատճառով։ Այս մասին հայտնել է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին։
Ինչպես նշել է պարբերականը, Ֆրանսիայի ռազմական բյուջեն չի ավելանա 3,3 միլիարդ եվրոյով, ինչպես նախատեսված էր, քանի դեռ երկրում քաղաքական ճգնաժամը չի կարգավորվել։ Հանրապետության Զինված ուժերի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ պաշտպանական գնումների ձգձգումները կշարունակվեն մինչև բյուջեի ընդունումը։ Բացի այդ՝ այս պայմաններում ՊՆ-ն չի կարող աշխատողներ ընդունել և նոր ծրագրեր սկսել, ընդգծվել է հրապարակման մեջ։
«Որքան երկար շարունակվի այս ամենն, այնքան ավելի լուրջ հետևանքներ կլինեն պաշտպանական արդյունաբերության համար։ Մենք ունենք բավականին փխրուն պաշտպանական արդյունաբերական բազա», – նշել է աղբյուրը։
Բյուջեի խնդիրները կարող են նաև խաթարել հարաբերությունները ֆրանսիական պաշտպանական կապալառուների հետ, նշել է Politico-ի աղբյուրը։ Ըստ նրա՝ նոր բյուջեի ընդունումը 2025 թվականի փետրվարից շուտ չի սպասվում։ Ինչպես նշվել է, երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) «խորապես պառակտված է մնում և պարզ չէ, թե երբ կլուծվի քաղաքական ճգնաժամը»։
Financial Times (FT) թերթը, հղում անելով աղբյուրներին, իր հերթին, գրել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրները բանակցում են պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից 3%-ի հասցնելու շուրջ։
Ինչպես նշվել է, այս քայլը, որը շատ երկրներում կասկածներ է առաջացրել, ուժեղ ճնշում կգործադրի «արդեն լարված ազգային բյուջեների վրա»։ Նոր պարտավորությունները պաշտոնապես կհամաձայնեցվեն 2025 թվականին Նիդեռլանդներում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Միևնույն ժամանակ, բրիտանացի բարձրաստիճան զինվորականներից մեկը FT-ինհայտնել է, որ Մեծ Բրիտանիան չի կարողանա կատարել ՀՆԱ-ի 2,5%-ի ՆԱՏՕ-ի պահանջը։ Իտալիայի իշխանություններն, իրենց հերթին, բազմիցս հայտարարել են, որ ՀՆԱ-ի 2%-ի ծախսերի նպատակին կհասնի միայն մինչև 2028 թվականը։