Բելառուսը Սիրիայից տարհանել է իր բոլոր դիվանագետներին
Բելառուսը Սիրիայից տարհանել է իր բոլոր դիվանագետներին, Մինսկը երախտապարտ է Մոսկվային նրանց տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը՝ Սիրիայում Բելառուսի դեսպանատան դիվանագետները դուրս են բերվել Մինսկ: Սիրիայում Բելառուսի դեսպան Յուրի Սլուկան որոշ ժամանակ մայրաքաղաքում կլինի խորհրդակցությունների համար, որից հետո նախատեսվում է անցկացնել խորհրդակցություն իրավիճակի խորը գնահատման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բելառուսի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնել «բոլոր ռուս գործընկերներին, ովքեր ապահովել են բելառուս դիվանագետների անվտանգ ժամանումը իրենց հայրենիք»։
Նախարարությունից հայտնել են, որ Բեյրութում բացվել է Սիրիայում Բելառուսի դեսպանատան ժամանակավոր հյուպատոսական հիմնարկ՝ «հյուպատոսական գործունեությունը շարունակելու և քաղաքացիներին հնարավոր օգնություն ցուցաբերելու համար»։