ՀՀ վարչական դատարանը մերժեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ևս մեկ հայց ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Տիգրան Սանթրոսյանի նախագահությամբ, ս․թ․ դեկտեմբերի 20-ի որոշմամբ մերժեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ևս մեկ հայց ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։
Ոստիկանությունն իր ներկայացրած հայցադիմումով պնդել էր, որ 27.04.2024 թվականին մի խումբ քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա և փակել են Դ. Անհաղթ-Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկը՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը, վերջիններիս թվում է եղել նաև Աբրահամ Գասպարյանը: Ոստիկանների կողմից, բոլորին լսելի կերպով, իբր ներկայացվել է օրինական պահանջ, որպեսզի բացեն փողոցը և խոչընդոտ չհանդիսանան երթևեկության մյուս մասնակիցների համար: Մի քանի անգամ հնչեցվել է օրինական պահանջ՝ դուրս գալ ճանապարհի երթևեկելի հատվածից և հավաքն իրականացնել այնպիսի վայրում, որտեղ չեն սահամանափակի այլոց իրավունքներն ու ազատությունները: Պահանջի կատարման համար տրվել է ողջամիտ ժամկետ, սակայն Աբրահամ Գասպարյանը, իբր չենթարկվելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողի կողմից ենթարկվել է վարչական ձերբակալման և ներկայացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին: Բաժնում հարուցվել է թիվ 120 վարչական վարույթը: Ելնելով վերոգրյալից՝ ոստիկանությունը դատարանին խնդրել է Աբրահամ Գասպարյանին ենթարկել վարչական պատասխանատվության։
Աբրահամ Գասպարյանի ներկայացուցիչ, «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Օֆելյա Հարությունյանն առարկել էր վերոնշյալ հայցի դեմ և հայտնել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
Ենթադրյալ իրավախախտման պահին որևէ պահանջ չի հնչել, այլ ոստիկանության ծառայողները հանկարծակի ձերբակալել են պատասխանողին և տեղափոխել ոստիկանության բաժանմունք:
Դատարանը որոշեց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
Գասպարյանի ներկայացուցիչ, «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Օֆելյա Հարությունյանն իր խոսքում նշեց․ «Դատարանն անաչառ գտնվեց և, ուսումնասիրելով կողմերի ներկայացրած փաստարկները, արձանագրեց, որ սույն դեպքում չի հիմնավորվում Աբրահամ Գասպարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու փաստը, ուստի հայցադիմումը ենթակա է մերժման»։