Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու փաստը դատապարտելու կոչով Այս մասին տեղեկանում ենք խորհրդի տելեգրամյան ալիքից։
«Կոչ ենք անում Ձեզ և միջազգային հանրությանը դատապարտել Հայաստանի իշխանությունների ոչ կոռեկտ գործողությունները, ինչպես նաև խնդրում ենք օգտագործել ձեր ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները՝ ազդելու պաշտոնական Երևանի վրա՝ ՌԴ քաղաքացի Անդրանիկ Միհրանյանի իրավունքների կոպիտ ոտնահարման հետևանքները վերացնելու համար»,- նշված է կառույցի դիմումի մեջ։
Նամակը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։