28 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս իշխանության ամենամեծ թշնամին մեր հաղթանակներն են․ Մուրադ Մշեցի

Այս իշխանության ամենամեծ թշնամին մեր հաղթանակներն են․ Մուրադ Մշեցի

ABC Ինտերվյուի հյուրը երգիչ, երգահան Մուրադ Մշեցին է։ Երգչի ընտանիքը Ցեղասպանությունը վերապրածներ սերունդ է։ Մուշից տեղահանվելով և այդ սարասափների միջով անցնելով` հաստատվել են Արագածոտնի մարզում և կարողացել են պահպանել բարբառը, ավանդույթները երգն ու երաժշտությունը։ Երգիչը ցավով է նշում, որ հիմա մեր ժողովուրդն այլևս մասսայականորեն չի կրում այն մշակութային արժեքները, որոնք ստեղծել է հայ ժողովուրդը դարերի ընթացքում, այլ նախապատվությունը տալիս է երկիր ներթափանցած օտար մշակութային հոսքերին։

-Քանիցս նշել եք, որ Մուշի բարբառով շատ ավելի գեղեցիկ են հնչում երգերը։

Բարբառը հենց ինքը երաժշտություն է։ Այո, ինձ համար ավելի հեշտ է որպես ստեղծագործող բարբառով աշխատել, քան գրական հայերենով։ Մեր բարբառը շատ գեղեցիկ է՝ հատկապես Մշո բարբառը շատ երգեցիկ է։ Հետո բառի մեջ մի տեսակ «համ» կա։ Ես մի առիթով նորից եմ ասել տեսեք, օրինակ գրական հայերենում ասում են սիրուն, գեղեցիկ, իսկ բարբառով մշեցները ասում են խորոտիկ․․․ Բերանդ ոնց որ համ առնի։ Բարբառային բառեր կան, որ համ տրամադրող են, համ էլ կարող ես մեկ բառ լսել ու դրա շուրջ մի ամբողջ սիրուն գեղեցիկ բան գրել։ Մեկ բառով ինքը կարող է լուրջ խթան առաջացնել քո մեջ, որ դու կարողանաս մի ավելի մեծ կտավ ստեղծել դրա շուրջ՝ լինի դա երգ, թե բանաստեղծություն։

-Հարցազրույցներից մեկի ժամանակ պատմում էիք, որ այն ինչ զգացել եք այն ժամանակ Ձեր ընտանիքում, գյուղում արժանապատվության արժևորումն էր, իսկ հիմա ի՞նչ վիճակ է այդ առումով։

-Եթե արժանապատվության խնդիրը գերակա լիներ թեկուզ գյուղերում (հիմա գյուղերի մասին է խոսքը) այս համընդհանուր ավերակների մեջ լռություն չէր լինի։ Առավել ևս, որ այդ ժողովուրդը գաղթական ժողովուրդ է՝ երկրի կորուստ տեսել են, հայրենազրկում, եղեռն։ Նույնիսկ գենետիկ հիշողությամբ են այդ ամենը կրում իրենց մեջ։ Շատ հաճախ եմ գյուղում լինում և խորը անտարբերություն եմ տեսնում և դա որպես անձնական հարված եմ տանում․․․ Այսինքն, այդ խորը անտարբերությունը, արժանապատվության պակասը բացարձակ զգացվում է։ Ու դու սկսում ես կասկածել՝ սա ի՞նչ է, սա բնավորությու՞ն է մոռանալը։

-Դուք ինչո՞վ եք դա բացատրում, ինչի՞ հետ է դա կապված։

– Ես մտածում եմ՝ եկել եմ այն եզրահանգման, որ սա այլևս տեսակի հարց է։

-Տեղյակ եք, թե՞ ինչ են լսում հիմա Սփյուռքի մեր հայրենակիցները։

Ընկերոջս հետ եմ խոսում՝ Ամերիկայում է բնակվում։ Ասում է, որ Ամերիկայում հարսանիքներին կանխավոր զգուշացնում եմ, որ ռազմահայրենասիրական երգ չհնչի։ Ասում են մենք գալիս ենք ուրախության, ոչ թե գալիս ենք համերգի։ Իբր, որ ռազմահայրենասիրական երգերի համերգ լիներ գնալու էին։ Ամենաողբերգական վիճակն այսօր այդ ժանրի վիճակն է։ Բոլոր երաժշտական ժանրերը «ծաղկում են»՝ վատ իմաստով։ Ամեն ազգային բան հիմա խնդիր ունի։ Ազգագրական երգերը, ռազմահայրենասիրական երգերը իրենց այլևս չեն հետաքրքրում․ այդ մեծ հանցագործությունը արդեն գործված է։ 1994-1995 թվականներին ես երգում էի ռադիոհեռուստատեսության «Հայասա» համույթում, 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով լուծարվեց համույթը, ավանդական երգի-պարի միակ պետական համույթն էր։

-Իսկ ազգային արժեքներն այսօր մեր ժողովրդի ո՞ր հատվածն է կրում իր մեջ։

Իմ էջում գրել էի (ընկերներիցս շատերն ինձ հետ համաձայն չեղան), որ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ հաշվով, հայ ժողովրդի հավաքական կերպարն է։ Ինձ դատապարտեցին շատ ընկերներ, բայց ես այդպես եմ մտածում։ Ես ազգին զատել եմ ժողովրդից, ինձ համար (թող ասեն դու բաժանում ես դնում) ազգը ուրիշ տեսակ է, ազգը իր մեջ այլ հատկանիշներ է կրում։ Նրանք ովքեր ազգին են մաս կազմում, իրենց մեջ կրում են մի փոքր  ազնվականության, իշխանական տոհմ լինելու, թագավորական տոհմ լինելու մի բան, հայկյան գենը կրող են, մի փոքրիկ տար կրում են այդ ամենից  իրենց մեջ։ Դա է պատճառը, որ իրենք ըմբոստ են, ինքը համաձայն չեն այս ամենի հետ։ Ինչու՞ է նա համաձայն, ոչ միայն համաձայն է, այլ նաև խրախուսում է այս ամեն զուլումը, առհավիրքը, բայց այս մյուս թևը, այդ քիչ մասը՝ ոչ։

-Այք փոքր հատվածը մեր ժողովրդի ո՞ր մասն է կազմում Ձեր կարծիքով։

-Իմ պատկերացմամբ 2% -ը չի գերազանցում ցավոք։

-Կա՞ն հերոսներ 44 օրյա պատերազմի հերոսներ ում մասին դուք երգեր եք գրել, կամ երգել եք։

Ես այդ հերոս բառից խուսափում եմ, ես իմ մոտեցումն ունեմ։ Սխրանքն այնպիսի բան է, որ կարծում եմ ժամանակ է պետք, որ դու ճիշտ գնահատես այն։ Պետոն օրինակ, Պետոն Պետո էր բոլորի նման, եկավ մի շրջան, որ Պետոն առանձնացավ իր վեհությամբ, մեծությամբ, այսինքն իր մարդկային, ռազմական բոլոր կարողությունները, տաղանդը երևացին։ Հիմա տեսեք, այստեղ էլ մեծ անորոշություն կա։ Այ ասենք, այդ զինվորը չի հասցրել մի հատ կրակոց էլ անի, որովհետև ուղղակի, կամիկաձեն ընկել և բոլորը զոհվել են ու բոլորին հերոսի անուն են տալիս, բոլորին անխնտիր։ Այդ հերոսության, հերոսականության ինստիտուտն էլ է խեղվել, խախտվել։ Մեր երեխեքն են, մեզ համար են զոհվել, ոչ մեկ ոչ մի բան չունի դրա դեմ, բայց այդ կուլտուրան պետք է պահվի։ Հիմա ես ո՞նց կարող եմ բաղդատեմ, ասենք Պետոյին,  Բեկորին և այլոց նրանց հետ։

-Վերջերս համացանցում Արամ Ասատրյանի որդու ռիլը հանդիպեց, որի ընթացքում նա ասում էր, որ ժողովուրդը հիմա նախընտրում է ռաբիսը, դա իրո՞ք այդպես է։

Ինքը ասում է, իմ հայրը համայն հայոց գուսանն է։ Հիմա ես իմ ճանաչած գուսաներին գիտեմ, բայց չեմ ճանաչել Արամ Ասատրյան գուսանի։ Երգիչ է եղել, երգել է, բայց գուսան՝ ոչ։ Այսինքն այդ արժեքների այնպիսի խեղաթյուր կա, որ պատկեչացնելու չի։ Այդ ամենը ցավոք հոգեհարազատ է մեր ժողովրդին։

 -Ինչու՞ է մեր ժողովրին հոգեհարազատ այդ օտար մելիզմներն ու երաժշտությունը։ Այդ հարցը ես միշտ տալիս ինքս ինձ և մյուսներին և չեմ կարողանում հասկանալ ու պատասխանը գտնել։

Դուք ինձ դուք ինձ բարդ տեղ եք մղում․․․ Ես կարծում եմ խառնարունիության խնդիր կա մեր մեջ։ Տեսեք խորհրդային շրջանում կես ժամանոց Բաքվի ժամ կար ռադիոյով, ժողովրդի 70-80%-ը շունչները պահած այդ կես ժամին էին սպասում։ Սպասում էին երբ պիտի գա, որ մուղամ լսեն։ Ի՞նչ բան էր դա, ես մտածում եմ, որ դա խառնարյունության հետևանք է՝ չի կարող պատահի դու քո ազգային երգը լսես և անտարբեր մնաս, չի կարող պատահի, որ  չուզենաս լսել այդ երգը։ Հիմա այդ ամենից բացարձակ հրաժարում կա։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը