Իսրայելի ռազմական աջակցությունն Ադրբեջանին դարձրել է Արցախում բռնապետական կառավարման և մարդասիրական աղետի մեղսակից․ The Jerusalem Post
Իսրայելի նախագահի նախկին քաղաքական խորհրդական Նադավ Թամիրը The Jerusalem Post-ի իր հոդվածում գրել է, որ ավելի քան 120,000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից ընդամենը մի քանի օրվա ընթացքում, խաղաղ բնակիչները հալածվել են, սովամահ են եղել և ահաբեկվել են հեռանալու համար:
Ինչպես նշել է հեղինակը, նախագահ Իլհամ Ալիևի երկաթյա կառավարման ներքո Ադրբեջանն աշխարհի ամենաբռնապետական ռեժիմներից մեկն է:
Ադրբեջանում ընտրությունները կեղծ են․ Ալիևը սովորաբար ապահովում է ձայների ավելի քան 80%-ն այն մրցումներում, որոնք չունեն նույնիսկ լեգիտիմության շերտ: Այլախոհությունը ջախջախվում է։ Լրագրողները, ընդդիմադիր գործիչները և ակտիվիստները պարբերաբար բանտարկվում են, իսկ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ պետության վերահսկողությունը գրեթե ամբողջական է:
Հեղինակն ընդգծել է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում նորագույն պատմության մեջ էթնիկ զտումների ամենամեծ դեպքերից են:
«Այս զանգվածային արտահոսքը վակուումում տեղի չի ունեցել։ Դա Արցախում հայկական ներկայությունը ջնջելու համակարգված արշավի գագաթնակետն էր՝ տարածաշրջան, որը հայերը բնակեցրել են հազարամյակներ շարունակ», – գրել է Թամիրը՝ հավելելով՝ նույնիսկ վտարումից հետո Ադրբեջանի հարձակումը հայկական մշակութային ժառանգության վրա շարունակվում է անդադար։ Human Rights Watch-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների զեկույցները մանրամասնում են հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների ավերումը՝ «պատմությունը վերաշարադրելու և հողի ու նրա սկզբնական բնակիչների միջև կապը խզելու լկտի փորձ»:
«Այս գործողությունները մշակութային ցեղասպանություն են և հանդիսանում են Ալիևի՝ տարածաշրջանում Հայաստանի պատմական և մշակութային ժառանգությունը ժխտելու ավելի լայն քաղաքականության մի մասը։ Իսկապես, վարչախումբն այժմ տենչում է հողեր զավթել Հայաստանի տարածքից, և շուտով կարող է վերսկսել պատերազմը», – գրել է Թամիրը: Նրա խոսքով՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքը հաճախ արդարացվում է այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանը մատակարարում է Իսրայելին նավթի կարիքների զգալի մասը և ռազմավարական հենակետ է ապահովում Իրանի դեմ: Դրա դիմաց Իսրայելն առաջադեմ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, որոնք դաժանորեն և մահաբեր կերպով կիրառվել են Հայաստանի դեմ։ Ինչպես նշել է հեղինակը, Իսրայելի ռազմական աջակցությունը նրան դարձրել է Լեռնային Ղարաբաղում բռնապետական կառավարման և մարդասիրական աղետի մեղսակից:
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանին Արցախում իր գործողությունների համար, իսկ ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ։ «Իրեն այդքան սերտորեն միավորվելով Ադրբեջանի հետ՝ Իսրայելը վտանգում է օտարել հիմնական դաշնակիցներին և խաթարել իր վստահությունը՝ որպես մարդու իրավունքները պաշտպանող ժողովրդավարական երկիր: Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ պետք է վերագնահատվեն այս իրողությունների լույսի ներքո։ Թեև ռազմավարական դաշինքները միջազգային հարաբերությունների անհրաժեշտ կողմն են, սակայն դրանք չպետք է լինեն ի հաշիվ հիմնարար բարոյական սկզբունքների: Շարունակելով զինել և հավանություն տալ ռեժիմին, որը զբաղվում է էթնիկ զտումներով, մշակութային ջնջումներով և քաղաքական ռեպրեսիաներով՝ Իսրայելը զիջում է իր արժեքներին և արատավորում իր հեղինակությունը համաշխարհային բեմում», – ամփոփել է դիվանագետը: