08 Հուն
2025
-2.8° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող զինծառայողներին. նախագիծ

Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող զինծառայողներին. նախագիծ

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում՝ նպատակ ունենալով բարելավել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է վերանայել ծառայողական բնակարանով ապահովման և բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի պայմանները։

Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովման կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը վերապահել այն զինծառայողներին, ովքեր ծառայության վայրից առնվազն 60 կմ հեռավորությամբ չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ մշտական (փաստացի) հաշվառում։ Նախկինում այդ հեռավորությունը սահմանված էր 30 կմ։Պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցումը փոխարինվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցմամբ։

Վարձակալության պայմանագրերի պետական գրանցման ծախսերը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։Օրենքի ընդունմամբ զինծառայողներն ավելի արդյունավետ կօգտվեն բնակարանային ապահովության իրավունքից՝ հաշվի առնելով փոխհատուցման հասցեականությունը և ծառայության վայրից բնակելի տարածության հեռավորության գործոնը։