2024 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել վերջին տասնամյակում աննախադեպ թվով մարդ
Անցած 2024 թվականի ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 901 մարդ, այդ թվում՝ մոտ 40-ը՝ դեկտեմբեր ամսվա մեկ շաբաթվա ընթացքում։ Այս տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։
«Խորապես մտահոգիչ է, որ Իրանում մահապատժի դատապարտվածների թիվը տարեցտարի ավելանում է։ Վաղուց ժամանակն է, որ Իրանը դադարեցնի մահապատիժների այս անընդհատ աճող ալիքը»,- նշել է Թյուրքը։
Սա երկրում մահապատիժների ամենաբարձր թիվն է վերջին ինը տարվա ընթացքում: 2023 թվականից ի վեր այդ ցուցանիշն աճել է մոտ 6%-ով։ Ըստ ՄԱԿ-ի՝ մահապատիժների մեծ մասը նշանակվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, սակայն մահապատժի ենթարկվածների թվում են նաև այլախոհներ և մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ կապված են 2022 թվականի բողոքի ցույցերի հետ: Աճել է նաև մահապատժի ենթարկված կանանց թիվը։ «Մահապատիժը անհամատեղելի է յուրաքանչյուրի կյանքի հիմնարար իրավունքի հետ և պարունակում է անմեղ մարդկանց մահապատժի ենթարկելու անընդունելի վտանգ»,- զգուշացրել է Թյուրքը։
Իրանում 2024 թվականին մահապատժի է ենթարկվել առնվազն 31 կին, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 17 տարիների ընթացքում։ Զեկույցում մանրամասնվում է, որ սպանության մեղադրանքով մահապատժի է դատապարտվել 19 կին։ Նրանց թվում է, մասնավորապես, Լեյլա Ղաեմին, ով, խեղդամահ է արել ամուսնուն, երբ նա տուն վերադառնալով՝ հայտնաբերել է, որ նա և ընկերները բռնաբարում են իր մանկահասակ դստերը։ Մահապատժի ենթարկված ևս 12 կանայք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար։ Նրանց թվում է Փարվին Մուսավին, ով եղել է իր ընտանիքի միակ կերակրողը և 15 եվրոյին համարժեք գումարի դիմաց համաձայնել է տեղափոխել բեռ, որը, ինչպես իրեն ասել են, «դեղորայք» է պարունակում։
Իրականում դա 5 կգ մորֆին է եղել։ Ակտիվիստների պնդմամբ՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները չեն մտնում «հատկապես ծանր հանցագործությունների» կատեգորիայի մեջ, որոնց համար միջազգային իրավունքը թույլատրում է մահապատիժը որպես բացառիկ պատիժ: Քրդական Hengaw իրավապաշտպան կազմակերպության առանձին զեկույցում նշվել է, որ անցյալ տարի Իրանում մահապատժի ենթարկվածների կեսից ավելին երկրի էթնիկ փոքրամասնություններից էին, այդ թվում՝ 183 քուրդ: