Թրամփը շատ ընդհանուր «արժեքներ» ունի ադրբեջանցիների հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ում պետության ղեկավարի փոփոխությունից հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման հույս ունի։ «Թրամփն իշխանության է գալիս բոլորովին նոր օրակարգով: Իր առաջին ժամկետում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ չեն եղել: Ընդհակառակը, դրանք շատ դրական էին, և մեզ հաջողվեց շատ ոլորտներում առաջընթացի հասնել»,- տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը։
Բայդենի վարչակազմի «հիմնական սխալն» այն էր, որ նա զոհաբերել է «ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները հայ-ամերիկյան հարաբերություններին, կարծում է Ալիևը։ Նրա խոսքով՝ երկրորդ «անարդար դիրքորոշումը դրսևորվել է Ղարաբաղի հարցում»:
Ալիևը նշել է, որ Բայդենի վարչակազմը «խաթարել է Ամերիկայի նկատմամբ վստահությունը»։ Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Թրամփը «առաջ մղում է այն արժեքները», որոնք կիսում են ադրբեջանական հասարակությունը։
Այնուամենայնիվ, Ալիևը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ բարոյական արժեքներ է դրսևորել Թրամփը։ Բացի այդ՝ Ալիևը չի բացատրել, թե ինչպես են Կանադայի և Գրենլանդիայի միացման անհրաժեշտության մասին Թրամփի հայտարարությունները համապատասխանում անկախ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքին։