Եկել Երևանում ասում եք արցախցիների վերադարձ, ցավոք ոչ մի լավ բան չենք կարող ասել․ Արարատ Միրզոյան
Մեր իշխանությունները նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գնահատմամբ իրատեսական բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցին, որ ԼՂ հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում․ պատասխանելով ABC media-ի՝ արցախցիների հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ իրենց ջանքերը չեն արժանացել ԼՂ գործող, գուցե և նախկին իշխանությունների ճիշտ վերաբերմունքին։
«Ինչ-որ առումով նաև այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ինձ հարցնում եք՝ որպես ԱԳ նախարար բանակցու՞մ եք ԼՂ հայերի վերադարձի մասին, ԼՂ հայերի այնտեղ ապրելու մասին խոսում էինք այն ժամանակ, երբ այնտեղ ապրում էին»,-ասաց Միրզոյանն ու հարցրեց, հիմա ի՞նչ պայմաններով վերադարձ, որևէ ինքնորոշված ինքնավարության կազմում, թե՞ ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ, թե Ադրբեջանի քաղաքացիներ, որ ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն։
«ԼՂ վերադարձը դարձել է շուտասելուկի պես բան, որը երբեմն ոչ այնքան լրագրողները, որքան քաղաքական ուժերը կրկնում են, վերադարձ ու՞ր, ի՞նչ պայմաններով, ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր կա, այդ հնարավորությունը, ուրի՞շ»,-ասաց նա։
Միրզոյանը հիշեցրեց 2021-2022 թվականներին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների մասին, օրինակ՝ Սոֆիայում․ «Դրանք ուղղակի հօդս ցնդեցվեցին և այդ հանդիպումների հետ միասին հնարավոր հեռանկարները, որոնք այդ հանդիպումները կարող էին բերել։ Հօդս ցնդեցվեցին շատ կոնկրետ շրջանակների կողմից, կոնկրետ գործողություններով, գուցե նաև հրահրված շատ կոնկրետ երրորդ երկրների կողմից»,-ասաց նախարարը։
«Հիմա, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել Երևանում ասում եք՝ ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք ոչ մի լավ բան չենք կարող ասել։ Մեր քաղաքականությունն է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները՝ նաև կառավարության աջակցությամբ, բնակարանային ապահովում, զբաղվածություն և այլն, մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որ այդ մարդիկ այստեղ իրենց ինտեգրված զգան, ապրեն, արարեն և օգտվեն բոլոր իրավունքներից»,-ասաց Միրզոյանը։